Մատչելիության հղումներ

«Թեղուտ»-ը նախատեսում է կրկնապատկել արդյունահանումը, գյուղացիները դժգոհում են


Տեսարան Թեղուտի բաց եղանակով շահագործվող հանքավայրից, արխիվ

«Թեղուտ» ընկերությունը նախատեսում է առաջիկա տարիներին կրկնապատկել հանքանյութի արդյունահանման ծավալները՝ տարեկան 8 միլիոն տոննայից հասցնելով մինչև 15 միլիոն տոննայի։ Բաց դրա համար հանքի 91 հա կազմող տարածքը պետք է ավելանա ևս 11 հեկտարով։

Այսօր Թեղուտ և հարակից Շնող գյուղերի բնակիչներին հրավիրել էին հանրային քննարկման, որի ընթացքում ընկերության ղեկավարությունը վստահեցնում էր՝ թեև արդյունահանման ծավալներն աճելու են , բայց արտանետումները մակարդակը մնալու է թույլատրելի նորմերի սահմաններում: Գյուղացիներից նոր հողատարածքներ չեն վերցնելու, աշխատատեղերն էլ ավելացնելու են 71-ով։ Գյուղացիները, սակայն, ասում էին, որ նախորդ հանդիպումներում տրված խոստումներից ոչ մեկը չի կատարվել, հետևաբար՝ ներկայացված ծրագրին չեն հավատում:

Գյուղացիների խոսքով, Շնող գետը, որի ջրով ջրում են իրենց այգիները, պարբերաբար աղտոտվում է, աճեցրած պտուղ-բանջարեղենն էլ թունավորվում է, իսկ գետի կենդանական աշխարհն ընդհանրապես վերացել է: «Թեղուտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյանը, մինչդեռ, պնդում է՝ մի քանի անգամ վթարային արտահոսք է եղել պոչամբարից, ինչը, ի հակառակ գյուղացիների հավաստիացումների, պարբերական բնույթ չի կրել:

Շնող գյուղի բնակիչ Լյովա Ալիխանյանի վկայաբերած փաստերի համաձայն, ընկերությունը պարբերաբար փոխում է արդեն հաստատված նախագիծը․ «Թե՛ պոչամբարի, թե՛ ֆաբրիկայի շինարարությունը նախկինում հաստատված նախագծերին չեն համապատասխանում»։ Այսօրվա քննարկման մասնակիցները փոխհատուցում էին պահանջում հանքի շահագործման հետևանքով իրենց կրած վնասների դիմաց, ինչին ի պատասխան՝ ընկերության փոխտնօրենը վստահեցնում էր՝ առաջիկայում այդ հարցը կքննարկեն գյուղացիների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG