Մատչելիության հղումներ

Շնողցիները բողոքում են՝ հանքի շահագործումից օգուտներ առանձնապես չունեն, «բնությունն էլ ձեռքից գնում է»


Թեղուտի բաց եղանակով շահագործվող պղնձի հանքավայրը, արխիվ
Թեղուտի բաց եղանակով շահագործվող պղնձի հանքավայրը, արխիվ

Լոռու մարզի Շնող գյուղում սրանից 10 տարի առաջ իրենց այգիները հանքարդյունաբերությամբ զբաղվող «Թեղուտ» ընկերությանը տրամադրած գյուղացիներն այսօր ծանրութեթև են անում հանքի շահագործումից ստացած վնասներն ու օգուտները: Ասում են՝ ընկերությունում աշխատող ունեցող ընտանիքների համար քիչ թե շատ հացի խնդիրը լուծված է, բայց որոշ ժամանակ անց գյուղը, որպես այդպիսին, չի լինի։ Շատերը զղջում են իրենց հողերը վաճառելու համար։

«Մենակ ես չէ, սաղ գյուղը ծախեց ու փոշմանեց, գնում եմ գործի գալիս եմ, բախչա չունես, որ մտնես», «Ով աշխատավարձ ունի, հացի փող ունի, մին էլ կրեդիտի իրավունք»,- դժգոհում են շնողցիները:

Թեղուտի հարևան Շնողի գյուղամիջում փակցված ցուցատախտակին հայտարարություն են տեղադրել, այն ազդարարում է, որ մեկ շաբաթից հանքարդյունաբերող ընկերությունը հերթական հանրային լսումներն է անցկացնելու։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրությունը և գյուղացիների հետ պետք է քննարկի շրջակա միջավայրի վրա հանքավայրի շահագործման ազդեցության հարցը։ Մինչդեռ գյուղացիները, որոնք նախկինում ակտիվորեն մասնակցել են նման քննարկումների, վստահ չեն, որ ընկերությունը հաշվի է առնում իրենց կարծիքը։ «Ես որ սենց ասեմ, իմ բարեկամներին գործից կհանեն», «Ես մի անգամ ասի թոզ ա, ասին՝ էսա ձյուն կգա, թոզ չի ըլի»,- ասում են շնողցիները:

Նրանցից մեկը, ով երկար տարիներ Ալավերդու պղնձաձուլարանում բարձր պաշտոններ է զբաղեցրել, համոզված է՝ հանքարդյունաբերության «տակ դրված» Թեղուտ և Շնող գյուղերը երկար կյանք չեն կարող ունենալ․ «Շուտով էս գեղն էլ կքշեն»: Մինչդեռ՝ մեկ տարի առաջ գյուղապետ դարձած 38-ամյա Դավիթ Ղումաշյանը, ընդունելով հանդերձ հանքի պատճառած բնապահպանական վնասները, կարծում է, որ Շնողին բաժին հասած մոտ 300 աշխատատեղը քիչ չէ։ Դա գյուղի աշխատունակ բնակչության մոտ 15 տոկոսն է։ «Ես աշխատում եմ ընկերության հետ ոչ թե լինել պայքարի մեջ, այլ բարիդրացիական, կուզենայի, որ ավելի շատ աշխատողներ լինեին»,- ասում է գյուղապետը:

Գյուղացիները թվարկում են հանքի հարուցած բազմաթիվ խնդիրները. Շնող գետի ջուրը, որ ժամանակին անգամ խմելու համար են օգտագործել, այսօր աղտոտված է, օդը կեղտոտ է, այգիներն՝ անպտուղ։ Գյուղապետը վստահեցնում է՝ ընկերության հետ ժամանակ առ ժամանակ քննարկում է առաջացած խնդիրները․ «Եթե հանք, ուրեմն պրոբլեմ, իրենք շահագրգիռ են՝ լուծելու էդ պրոբլեմները»:

Շնողի բնակիչները, մինչդեռ, վստահ չեն, որ ընկերությունը շահագրգիռ է խնդիրները վերացնելու հարցում, մանավանդ, որ, «հատկապես վերջին շրջանում ըմբոստանալու, պայքարելու և պահանջելու ցանկությունը մարել է»։ «Մեզ զոմբիացրել են․․․մեր լռությամբ, մեր չըմբոստանալու ցանկությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG