Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԿԸՀ-ն նկատողություն է արել Պեսկովին, Կրեմլի խոսնակը ներողություն է խնդրել


ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պանֆիլովա, արխիվ
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պանֆիլովա, արխիվ

Ռուսաստանցի բլոգերներն ու վերլուծաբանները գրում են, թե Կրեմլը որոշել է իրական ընտրությունների պատրանք ստեղծել։

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պանֆիլովան այսօր նկատողություն է արել Ռուսաստանի նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին՝ ընտրական կանոնները խախտելու համար:

Պանֆիլովան հրաժարվել է ասել, թե կոնկրետ ինչ հայտարարության մասին է խոսքը, սակայն հայտնել է, որ հունվարի 29-ին Պեսկովը իր գնահատականն է տվել նախագահի թեկնածուին, ինչն արգելված է ռուսաստանյան օրենքներով, և Կրեմլի խոսնակի գնահատականը մեջբերել են ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները։

Պեսկովին այդ օրը հարցրել էին՝ արդյոք հունվարի 28-ին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կազմակերպած բողոքի ակցիաները չե՞ն վնասում Պուտինի վարկանիշը, ինչին խոսնակը պատասխանել է, թե Պուտինը այսօր անկասկած քաղաքական դաշտի առաջնորդն է և իրական մրցակից չունի։

Դմիտրի Պեսկովն այսօր ստիպված է եղել ներողություն խնդրել այս հայտարարության համար: Նա մասնավորապես ասել է․ - «Ես լսեցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատողությունը և ներողություն եմ խնդրել, որ թույլ եմ տվել այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են դիտվել որպես քարոզչություն»։

Ռուսաստանցի բլոգերներն ու վերլուծաբանները գրում են, թե Կրեմլը որոշել է իրական ընտրությունների պատրանք ստեղծել։

Ի դեպ, Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը վերջին հարցման արդյունքներն է այսօր հրապարակել, որոնց համաձայն՝ Պուտինի վարկանիշը մի փոքր իջել է և 70 տոկոսից ցածր է այսօր։ Հունվարի վերջին օրերին անցկացված հարցման համաձայն՝ այսօր ռուսաստանցիների 69.9 տոկոսն է պատրաստ իր ձայնը տալ Պուտինին, իսկ դեկտեմբերին Ռուսաստանի նախագահի վարկանիշը կազմում էր գրեթե 75 տոկոս։

«Լևադա» կենտրոնը, հիշեցնենք, ընտրությունների հետ կապված հարցումներ հրապարակելու իրավունք չունի, քանի որ գրանցված է որպես արտասահմանյան գործակալ, և այսօր վարկանիշների մասին տվյալներ հրապարակում է միայն Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը, որի տվյալները անկախ փորձագետները վերապահումներով են ընդունում։

Նույն այս հարցման համաձայն, Պուտինը իրական մրցակից չունի, երկրորդ հորիզոնականում է կոմունիստների թեկնածու՝ Լենինի անվան սովխոզի տնօրեն միլիոնատեր Պավել Գրուդինինը՝ մոտ 7.5 տոկոսով, երրորդը Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին է՝ նրա վարկանիշն այսօր կազմում է 6.1 տոկոս: Լիբերալ համարվող թեկնածուներից ամենաբարձր վարկանիշը, ըստ այս հարցման, ունի լրագրող Քսենիա Սոբչակը՝ 1.2 տոկոս։

Հարցված ռուսաստանցիների մոտ 70 տոկոսը պատասխանել են, որ պատրաստվում են գնալ ընտրատեղամասեր:

Հիշեցնենք, նախագահական ընտրությունները Ռուսաստանում մարտի 18-ին են: Գործող նախագահ 65-ամյա Վլադիմիր Պուտինը մասնակցում է ընտրություններին արդեն չորրորդ անգամ և երկիրն իրականում ղեկավարում է 2000 թվականից։ Վերընտրվելու դեպքում, ինչում փորձագետները չեն կասկածում, առաջիկա վեց տարիները Պուտինի պաշտոնավարման վերջին տարիներն են լինելու, եթե չփոխվի Ռուսաստանի Սահմանադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG