Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահական ընտրությունները՝ առանց անկախ սոցհարցումների


«Լևադա» կենտրոնի գրասենյակը Մոսկվայում, արխիվ
«Լևադա» կենտրոնի գրասենյակը Մոսկվայում, արխիվ

Մարտին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները կանցնեն առանց անկախ սոցիոլոգիական հարցումների: Տարիներ շարունակ այդ գործով զբաղվում էր հեղինակավոր «Լևադա» կենտրոնը, որը, սակայն, այժմ ստիպված է լռել:

Երկու տարի է արդեն՝ Ռուսաստանի արդարադատության նախարարության որոշմամբ «Լևադա»-ն դասվել է օտարերկրյա գործակալների շարքում, որոնց, ըստ օրենքի, արգելված է որևէ կերպ մասնակցել Ռուսաստանում անցկացվող ընտրություններին:

Անկախ հետազոտական կենտրոնը իշխանությունների թիրախում հայտնվեց Պետդումայի ընտրությունների շեմին. ամիսներ շարունակված ստուգումներից հետո Արդարադատության նախարարությունը հայտարարեց, թե կենտրոնը զբաղվել է քաղաքական գործունեությամբ՝ դրսի ֆինանսավորմամբ, ընդ որում, նախարարությունը քաղաքական էր համարել ոչ միայն սոցիոլոգիական հարցումների անցկացումն ու արդյունքների հրապարակումը, այլև կենտրոնի աշխատակիցների արտասահմանյան ուղևորություններն ու լրատվամիջոցներին տված հարցազրույցները:

«Ակնհայտ էր, որ ժամանակին օրենքն ընդունվել էր հենց անկախ լրատվամիջոցներին ու փորձագիտական կենտրոններին հարվածելու համար», - պնդում է «Լևադա»-ի տնօրեն Լև Գուդկովը, փաստելով՝ օրենքին չենթարկվելու դեպքում կազմակերպությանը սպառնում է տուգանք, անգամ՝ լուծարում:

Կրեմլում շատ հիմնավոր և նորմալ են գնահատել այս իրավիճակը: «Ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում», - ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պնդելով, թե «Լևադա»-ից բացի Ռուսաստանում նաև այլ սոցիոլոգիական կազմակերպություններ կան:

Ըստ այդմ, առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ տվյալներ կհրապարակեն Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը, և «Հասարակական կարծիք» հիմնադրամը, որի հիմնական պատվիրատուն և սպառողը Ռուսաստանի նախագահական աշխատակազմն է: Երկուսն էլ պնդում են, թե աշխատում են անկախ ու անկաշկանդ, սակայն նրանց հրապարակած տվյալների ու «Լևադա»-ի ցուցանիշների միջև տարբերությունները շատ հաճախ են ակնհայտ: Օրինակ, դեկտեմբերին՝ նախընտրական քարոզարշավից առաջ, «Լևադա»-ն հայտարարեց՝ քվեարկությանը հաստատ մասնակցելու մտադրություն ունի ռուսաստանցիների 28 տոկոսը միայն, Կրեմլին մերձակա կենտրոնի տվյալով, մինչդեռ, այդ ցուցանիշն անցնում է 70 տոկոսից:

Ըստ իշխանամետ կենտրոնների վերջին հարցումների, ի դեպ, ռուսաստանցիների 64 տոկոսը համոզված է՝ նախագահական մրցապայքարն անցնում է բաց ու թափանցիկ, ավելի քան 73 տոկոսն էլ պատրաստ է կրկին՝ արդեն չորրորդ անգամ ձայն տալ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG