Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերի հետ


Հայաստանի նախագահի և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հանդիպումը, Փարիզ, 23-ը հունվարի, 2018թ․
Հայաստանի նախագահի և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի հանդիպումը, Փարիզ, 23-ը հունվարի, 2018թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցի շրջանակում երեկ Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանը շնորհավորել է դը Ռյուժիին այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նա մեծապես կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք լավագույնս լրացնում են միջպետական հարաբերությունների օրակարգը: Սերժ Սարգսյանը դրվատանքով է խոսել Հայաստան-Ֆրանսիա միջխորհրդարանական բարեկամության խմբի գործունեության մասին` ուղղված հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում Ֆրանսիայի Ազգային ժողովի գործունեությունը, որը, նրա խոսքով, համահունչ է Ֆրանսիայի՝ մարդու իրավունքների առաջամարտիկ երկրի համբավին։

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել նաև հայ-ֆրանսիական սերտ համագործակցության մասին բազմակողմ հարթակներում` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ այդ համատեքստում կարևորելով ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Ղարաբաղ, ինչը, նրա կարծիքով, անգնահատելի նպաստ է բերում ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորման գործին, բացահայտում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի կողմից տարածվող կեղծիքը:

Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա դը Ռյուժին անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո դրանց հետագա զարգացմանը:

Նույն օրը երեկոյան Հայաստանի նախագահը հունվարի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի և այդ պատգամավորական խմբերի անդամների հետ:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հանդես են եկել ելույթներով:

«Շնորհակալ ենք, որ անկախություն ձեռք բերելուց ի վեր դուք միշտ մեր կողքին եք և կայուն զարգացման ուղին բռնած Հայաստանին աջակցում եք կարևոր հարցերում, այդ թվում նաև՝ ժողովրդավարության և բարեփոխումների ամրապնդման գործում, Արցախի խնդրի արդարացի առաջմղման հարցում», - իր ելույթում ասել է Հայաստանի նախագահը:

Նա նշել է, որ հայ-ֆրանսիական խորհրդարանական համագործակցությունը դրսևորվում է նաև բազմակողմ հարթակներում` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովներում: «Իհարկե, նաև շատ բարձր եմ գնահատում Եվրոպական խորհրդարանի անդամներին: Մենք այնտեղ ներկայացված չենք, բայց շատ շնորհակալ եմ նաև այդ պատգամավորներին, ովքեր մշտապես ուշադիր են հայկական հարցերի նկատմամբ», - ասել է Սերժ Սարգսյանը:

«2017 թվականն, իսկապես, կարևոր տարի էր թե՛ Հայաստանի և թե՛ Ֆրանսիայի համար. Ֆրանսիայի ժողովուրդն ընտրեց նոր նախագահ, նոր խորհրդարան։ Ես վստահ եմ, որ այս Ազգային ժողովն էլ կշարունակի մեծ դերակատարում ունենալ Ֆրանսիան ավելի զարգացնելու և հզորացնելու գործում: Իհարկե, Հայաստանում ևս կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք դարձան մինչ այդ իրականացված Սահմանադրական բարեփոխումների և ընդունված նոր Ընտրական օրենսգրքի յուրահատուկ փորձաքարը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում առավել ամրապնդվեցին ժողովրդավարության հիմքերը, ինչի շնորհիվ մենք ապրիլին սահուն անցում կկատարենք կառավարման խորհրդարանական ձևին։ Անշուշտ, սա բեկումնային որոշում էր, որ մենք կայացրեցինք հիմնվելով մեր քաղաքական դաշտի ավանդույթների և մշակութային առանձնահատկությունների վրա՝ նպատակ ունենալով ապահովել Հայաստանի երկարաժամկետ կայուն զարգացումը», - հայտարարել է նախագահը:

«2017 թվականին ստորագրվեց նաև Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա մեզ համար առաջին հերթին նշանակում է, որ Հայաստանը, հայ ժողովուրդն իրեն համարում է եվրոպական քաղաքակրթության անքակտելի մաս՝ հավատարիմ իր ակունքներին, իր դավանանքին, մեր ընդհանուր եվրոպական արժեքներին», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին ես հայտարարել եմ հնարավոր բոլոր բարձր ամբիոններից և այժմ էլ վերահաստատում եմ մեր այս հանձնառությունը: Եվ իհարկե, այս առումով մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամ և վստահելի գործընկեր Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերն ուղղված հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորմանը: Միաժամանակ, բոլորը պետք է շատ հստակ գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Եվ այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Եվ այս առումով նույնպես ի դեմս ձեզ շատ կարևոր է Ֆրանսիայի ձայնը, քանզի Ֆրանսիան խաղաղության ջատագով է, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես Ֆրանսիայի առաջնահերթությունն է եղել», - հայտարարել է Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Եվ այս համատեքստում մեծապես կարևորում եմ նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, սեփական աչքերով տեսածի փոխանցումը Ֆրանսիայի հանրությանը, ինչը հսկայական, ուղղակի անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը: Եվ հետևելով ձեր օրինակին՝ արդեն իսկ բազմաթիվ երկրների օրենսդիրներ են այցելում ԼՂ, ինչն, անշուշտ, տալիս է իր դրական արդյունքները: Մեր բարեկամ պետությունների նմանօրինակ ջանքերի շնորհիվ՝ Արցախի ժողովուրդը փոքր, բայց հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը»:

«Ուրախ եմ ձեզ ասել, որ այս տարի մեր մայրաքաղաքում կտիրեն ֆրանկոֆոն ոգին, ֆրանսիական շունչը, կծածանվեն ֆրանսիական խորհրդանիշերը։ Երևանը հոկտեմբերին կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։ «Ապրել միասին»՝ չափազանց կարևոր այս ուղերձը պիտի մենք բարձրաձայնենք։ Եվ ուրախ կլինենք բոլորիդ տեսնելու այդ միջոցառմանը», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բազմադարյա են, ունեն փառավոր էջեր, բայց նաև սև էջեր, այդ թվում՝ Ցեղասպանության ժամանակահատվածի էջերը, երբ Ֆրանսիան դարձավ շատ հայերի համար երկրորդ հայրենիք՝ տալով անվանի զավակներ՝ մեծ երգիչներ, պատգամավորներ, անգամ «Ֆորմուլա-1»-ի վարորդներ: Այսօր մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունների ընդհանուր համատեքստում մենք հատկապես ուզում ենք շեշտը դնել տնտեսական բաղադրիչի վրա», - իր հերթին, ասել է Ժակ Մարիլոսյանը:

«Ինչպես այսօր արդեն խոսեցինք նախագահ Մակրոնի ներկայությամբ` հունիս ամսին մենք մտադիր ենք ֆրանսիական պատգամավորական պատվիրակություն բերել Հայաստան: <…> Կուզենայինք ինչ-որ կերպ նպաստել Հայաստանում ներդրումների խրախուսմանը: Մենք կուզենայինք նաև փորձի փոխանակում իրականացնել սահմանադրական գործընթացների և սահմանադրական նորմերի կիրառման հետ կապված երկու երկրների խորհրդարանականների միջև քննարկումների անցկացմամբ», - նշել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը:

Նա նշել է, որ հոկտեմբերին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը «կգա ևս մեկ անգամ խորհրդանշելու ձեր երկրի խորքային կապը մեր լեզվի և մեր մշակութային ինքնության հետ»:

Երեքշաբթի օրը, հիշեցնենք, Հայաստանի նախագահը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG