Մատչելիության հղումներ

Փարիզում հանդիպել են Սարգսյանն ու Մակրոնը, ՀՀ նախագահն իր ֆրանսիացի պաշտոնակցին հրավիրել է Հայաստան


Նախագահներ Սերժ Սարգսյան և Էմանուել Մակրոն, Փարիզ, 23-ը հունվարի, 2018 թ․

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ նախագահ Մակրոնը ողջունել է Հայաստանի նախագահին Ֆրանսիայում և նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:

«Ֆրանսիայի նախագահը գործընկերոջից հետաքրքրվել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներով և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների վերաբերյալ նախագահ Սարգսյանի մոտեցումներով, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերություններով:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը երկուստեք կարևորել են հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը, տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացումը՝ ընդգծելով, որ տնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է հասցնել վերընթաց զարգացող երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:

Անդրադառնալով Հայաստանում այս տարի անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին՝ նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է և հնարավորինս կաջակցի գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: Նախագահ Մակրոնը սիրով ընդունել է գագաթնաժողովին մասնակցելու՝ Նախագահ Սարգսյանի հրավերը և նշել, որ մեծ նշանակություն է տալիս այդ կարևոր իրադարձությանը:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմանուել Մակրոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման արդյունքով հղած իր ուղերձում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․

«Նախագահ Մակրոնի հետ քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազում հարցեր, և գոհունակությամբ եմ ուզում նշել, որ կենսական բոլոր հարցերի շուրջ մեր տեսակետները գրեթե համընկնում են, մյուս հարցերում դրանք շատ մոտ են։ Ի դեպ, խոսքս վերաբերում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային օրակարգին։ Մենք դավանում ենք նույն սկզբունքները և ապրում ենք նույն արժեհամակարգով:

Անշուշտ, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը, թերևս, մեր տարածաշրջանի ամենազգայուն հարցերից է։ Բարձր գնահատեցի Ֆրանսիայի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, մոտեցումներն ու երկարամյա ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ու համագործակցության հաստատմանը: Հայաստանը հանձնառու է շարունակելու համանախագահների միջնորդությամբ բանակցությունները: Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է ազատության, ինքնորոշման համար, և այսպիսի պայքարը չի կարող բարեհաջող ավարտ չունենալ:

Գալիք հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17րդ գագաթնաժողովը. մի իրադարձություն, որը կարևոր տեղ ունի մեր երկկողմ օրակարգում։ Մեզ համար Ֆրանկոֆոնիան միայն լեզվական ընդհանրությունների շուրջ ձևավորված կառուց չէ. առաջին հերթին այն առաջադեմ քաղաքակրթական արժեքների ընդհանրությունն է, ինչն ուրույն դերակատարում է ունեցել մարդկության առաջընթացի գործում, որի կրողն ու մասն ենք մեզ համարում:

Մենք մեծ պատասխանատվությամբ ենք ընդունում այս գագաթնաժողովի հյուրընկալումը և ջանք չենք խնայելու դրա հաջողության համար։ Ուրախ եմ, որ նախագահ Մակրոնը վերահաստատեց իր մասնակցությունն այդ միջոցառմանը, ինչն առանցքային է գագաթնաժողովի հաջողության համար։ Եվ մենք պարոն Մակրոնի հավանությունը ստացանք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացնելու ֆրանկոֆոն գործարարների համաժողով, որը, իհարկե, նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, այդ օժանդակցության համար:

Իմ գործընկերոջ հետ պայմանավորվեցինք ուշադրության կենտրոնում պահել երկկողմ տնտեսական կապերը։ Եվրոպական մեր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսությունն ու օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու մեր հանձնառությունը տարեցտարի առավել բարենպաստ միջավայր են ապահովում Հայաստանում ներդրումների համար։ Այս առումով նախագահ Մակրոնին վերահաստատեցի, որ մենք առավել քան շահագրգռված ենք ընդլայնելու ֆրանսիական արդեն իսկ պատկառելի գործարար ներկայությունը մեր երկրում։

Իհարկե, մեր քննարկման կարևոր թեմաներից էր 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դա իսկապես հավակնոտ, ուղենշային փաստաթուղթ է, որի կայացման հարցում մեծ է Ֆրանսիայի դերակատարումը: Մեկ անգամ ևս երախտագիտություն հայտնեցի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ողջ գործընթացում Հայաստանի կողքին լինելու համար։ Ֆրանսիայի շարունակական աջակցությունն այս ուղղությամբ Հայաստանի համար իսկապես կարևոր է։ Սա համաձայնագիր է, որ նոր հորիզոններ է բացում նաև երկկողմ հարաբերությունների համար»:

Ֆրանսիայի նախագահն իր հերթին հայտարարել է, թե «Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին», հավելելով՝ ինքը շատ է կարևորում ֆրանսահայության դերը Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում: Մակրոնն իր խոսքում ասել է նաև, որ Ֆրանսիայում այս տարի նշվելու է Հայաստանի առաջին հանրապետության կողմից անկախության հռչակման 100-ամյակը: Այդ միջոցառմանը մասնակցելու է Ֆրանսիայի արտգործնախարարը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Մակրոնն ասել է, որ այն սառեցված չէ և կարող է կարգավորվել ներգրավված կողմերի ջանքերով, ու Ֆրանսիան էլ իր հերթին հետամուտ է լինելու կարգավորմանը:

Նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Սարգսյանի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ երեկ տեղի ունեցած հանդիպմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG