Վարչապետը մի մարդ է, որը ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու «դարդերից տեղյակ չէ»: «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով օրերս խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետի այն հայտարարությանը, թե ոչ մի «պրոբլեմատիկ խնդիր» չի տեսնում՝ կապված բենզինի, դիզվառելիքի և ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացման հետ:
Ըստ Մարուքյանի, Կարեն Կարապետյանի նման պահվածքը նշանակում է, որ նա որևէ կերպ «չի կիսում հանրության առօրյան»։
«Հայաստանի Հանրապետության առօրյայից, շուկայական գներից, նվազագույն զամբյուղի ազդեցությունից, գործազրկությունից, արտագաղթից և տեղի ունեցած թանկացումների հարվածից նա որևէ տեղեկություն չունի։ Ես գիտեմ, որ նա չի կարող չունենալ տեղեկություններ, բայց պահել իրեն այդպես՝ դա նշանակում է, որ «ես որևէ կերպ չեմ կիսում ձեր առօրյան, ես ձեզ հետ կապ չունեմ, ես ապրում եմ այլ աշխարհում, ես այլ աշխարհի պատուհանից եմ նայում ձեզ, չեմ զգում, թե դուք էդ ի՞նչ բողոքներ ունեք», - ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք՝ վարչապետը մասնավորապես հայտարարել էր. - «Հարցը դնելիս միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ: Ամեն ինչը համեմատության մեջ է: Մեր օֆիցիալ գնաճը 2.6 տոկոս է, 6.7 տոկոս Վրաստանում է, 7.9 տոկոս Ադրբեջանում է: Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի ա: Ես ասում եմ՝ սարսափելի չի: Տարին կամփոփենք, մեր աճի տեմպերը լինելու են երեք երկրից ամենաբարձրը: Ամենացածր գնաճ, ամենաբարձր աճի տեմպ․․․ Որ դուք ասում եք չոքել է մեր դռանը, ո՞ր գինն ա չոքել մեր դռանը»:
Նշենք, որ «Ելք»-ն այսօր թանկացման դեմ բողոքի երթ կանցկացնի։ Հարցին, թե քաղաքական այլ ուժերից երթին միանալու արձագանք կա՞, Մարուքյանը պատասխանեց. - «Քաղաքական ուժերից, այս պահին չեմ կարող ասել։ Ես տեղեկություններ ունեմ, որ տարբեր քաղաքական ուժերի անդամներ՝ ուղղակի անդամներ, քաղաքացիներ, գալու են երթին՝ առանց նայելու, որ իրենց լիդերը քննադատում է մեզ, կամ, չգիտեմ, ասում է, որ դրանից կարևոր հարցեր կան։ Նաև քաղաքացիական ակտիվ խմբերի ներկայացուցիչներ նույնպես կմասնակցեն երթին»։
Օրերս «Ազատության» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ասելով, որ երթը լավագույն լուծումը չէ, հայտարարեց, որ իրենք չեն միանա «Ելք»-ի հրավիրած երթին։ Նա նշեց, որ դաշինքը թանկացնողների դեմ պայքարելու փոխարեն թանկացումների դեմ է պայքարում։
Դիտարկմանը, թե «Ժառանգություն»-ը նաև ակնարկում է, որ «Ելք»-ը ժամանակին իրենց հետ չի գնացել իշխանափոխության, ընդդիմադիր խմբակցության պատգամավորն այսպես արձագանքեց. - «Իսկ իրենք գնո՞ւմ էին իշխանափոխության։ Նախ «Ժառանգություն»-ից որևէ արձագանք չենք ստացել, Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցն է եղել, ես չեմ կարող ասել, որ նա ներկայացնում է «Ժառանգության» պաշտոնական կարծիքը, բայց, ամեն դեպքում, ես գիտեմ, որ «Ժառանգության» շատ անդամներ մասնակցելու են երթին, նաև այլ ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, մյուս ուժերի։ Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, գիտե՞ք, իշխանափոխության մասին խոսացող ուժի ներկայացուցիչը գոնե պետք է բարիերը հաղթահարած լինի, եթե բարիերը չի հաղթահարել, բայց դրանից առաջ խոսել է իշխանափոխության մասին, կարծում եմ, որ շատ սխալ հաշվարկների մեջ է եղել այն առումով, որ իր առջև դրված խնդիրներն ու հնարավորություններն անհամեմատ տարբեր են եղել։ Մենք գնացել ենք իշխանափոխության, բայց ստացել ենք 7.7 տոկոս ձայն»։
Հարցին, որ եթե երթին հավաքվի այդ կրիտիկական զանգվածը, «Ելք»-ը կդնի՞ իշխանափոխության պահանջ, Մարուքյանը պատասխանեց. - «Այս պահին մեր թիրախը սա է [թանկացման դեմ պայքար]։ Ընդհանրապես ես այն կարծիքին են, որ իշխանափոխության պահանջն իշխանությանը չպետք է ուղղել, որովհետև իշխանությունն ինքն իրեն չի փոխելու, և Հայաստանի 25 տարիների ընդդիմադիր պատմությունը եթե ուսումնասիրեք, դա ուղղակի մեծ դաս է, որ իմանանք, թե ումից ինչ ենք պահանջում։ Մեր պահանջը քաղաքացուց է։ Եթե վաղը, մյուս օրը ունենան պահանջ իշխանափոխության, այդ պահանջը ես պետք է ձևակերպեմ քաղաքացու համար, որովհետև քաղաքացին է վերջին հաշվով իշխանություն փոխելու։ Եթե ինչ-որ մեկը վարչապետ է, նախագահ է, կառավարության անդամ է, նա կարող է փոփոխության ենթարկվել միայն քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում, որը ընտրությունների միջոցով կարող է տեղի ունենալ»։
Ճշտող հարցին, թե Հանրապետականի, Սերժ Սարգսյանի հրաժարականի, հեռանալու պահանջ չե՞ն ներկայացնելու, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. - «Այս փուլում՝ ո՛չ, որովհետև այս փուլում եթե տեսնեինք, մենք թիրախները կդնեինք։ ՀՀԿ-ի հեռանալու, կամ Սերժ Սարգսյանի հեռանալու հնարավորությունը կար ապրիլի 2-ին, այդ հնարավորությունը բաց է թողնված, կոնկրետ ապրիլի 2-ի կոնտեքստով կարող եմ ասել, բայց այն մարդիկ, ովքեր ձայն են տվել ՀՀԿ-ին, ձայն են տվել տարբեր այլ ուժերին, ովքեր փողով են անգամ գնացել ընտրության, ովքեր ճնշումների տակ են գնացել ընտրության, նրանք հնարավորություն ունեն դուրս գալու փողոց և բողոքի ձայն բարձրացնելու, որովհետև, երբ որ իրենց փողով տարել են ընտրության, իրենց չեն ասել, որ «վաղը նման ծանր խնդիրների առաջ եք կանգնելու»։
Մարուքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.