Մատչելիության հղումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը որևէ «պրոբլեմատիկ խնդիր» չի տեսնում՝ կապված բենզինի, դիզվառելիքի և ավտոմեքենաների լիցքավորման գազի թանկացման հետ:

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առաջին անգամ անդրադառնալով տարեսկզբի թանկացումներին՝ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե թանկացած բենզինին կա այլընտրանք՝ գազը․ - «Բենզինը թանկացել է 20 դրամով՝ 430 է, այս պահին Վրաստանում գինը նույն բենզինի, որը տրանզիտով մենք ստանում ենք, ավելի բարձր է։ Բենզին օգտագործողը ալտերնատիվա ունի գազ օգտագործի, և համապատասխան, եթե իրա համար դա հարմարավետ չի, կարող է անցնել գազի: Գազը թանկացել է, եթե չեմ սխալվում, 25 դրամով, այսօր 190-220 դրամ է, և վերականգնվել է այն գինը, որը եղել է 2015 թվականին: Լավ չի, որ գազի գինը թանկացել է, լավ կլիներ հինը մնար, բայց 190-220 դրամը նոր պահանջ չի, նոր մարտահրավեր չի շուկայում: Շուկայում այս գներով մենք ժամանակին աշխատել ենք»:

Դիզվառելիքի թանկացման մասով վարչապետը բեռի ավելացում տեսնում է միայն գյուղատնտեսության ոլորտում, բայց, ասաց, հաշվարկել են՝ տարբեր ապրանքների գներն ավելանալու են 1-4 դրամով․ - «Մենք քննարկում ենք տարբերակներ, որպեսզի սուբսիդավորենք՝ մի տարբերակ, կամ մուտքի վրա, կամ մթերման ժամանակ: Երկրորդը, տեսնենք շուկան ինչպես է արձագանքում դրան: Եվ որևիցե պրոբլեմատի խնդիր այս երեք ապրանքատեսակներով ես չեմ տեսնում»:

Այլ ապրանքների թանկացման, առհասարակ երկրում գնաճի մասով Կարեն Կարապետյանը չհամաձայնեց ընդդիմադիրների հետ՝ օրինակ բերելով հարևան երկրները․ - «Հարցը դնելիս միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ: Ամեն ինչը համեմատության մեջ է: Մեր օֆիցիալ գնաճը 2.6 տոկոս է, 6.7 տոկոս Վրաստանում է, 7.9 տոկոս Ադրբեջանում է: Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի ա: Ես ասում եմ՝ սարսափելի չի: Տարին կամփոփենք, մեր աճի տեմպերի լինելու են երեք երկրից ամենաբարձրը: Ամենացածր գնաճ, ամենաբարձր աճի տեմպ․․․ Որ դուք ասում եք չոքել է մեր դռանը, ո՞ր գինն ա չոքել մեր դռանը»:

Կարեն Կարապետյանն այսօր նաև բացատրեց, թե ինչու իր Կառավարությունը որոշեց այսպես փոփոխել հարկային քաղաքականությունը, ինչն էլ հանգեցրեց թանկացումների․ - «Պարզ ա, չէ՞, որ հարկային բեռը և մնացած բանը ավելացնելը հաճելի բան չի: Մենք ունենք պարտավորություններ արտաքին վարկերի, մենք ունենք տնտեսությունը զարգացնելու խնդիր, մենք ունենք լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն: Եվ մենք քննարկել ենք այն տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու բիզնեսի համար: Եթե այստեղ չանեինք, մեկ այլ տեղ պետք ա անեինք, որպեսզի այն մուտքերն ունենանք, որը այսօր թույլ է տալիս սպասարկել մեր պարտավորությունները»:

Ընդդիմադիր «Ելք»-ը, որ այս ուրբաթ ընդդեմ թանկացումների և հարկային բեռի ավելացման բողոքի ակցիա է անցկացնելու, կոշտ արձագանքեց Կարեն Կարապետյանին:

Էդմոն Մարուքյանը վարչապետի խոսքերից տպավորություն էր ստացել, թե նա կա՛մ տեղյակ չէ մարդկանց դժգոհություններից, կա՛մ էլ տրամադրված է մերժել դրանք․ - «Ձեզ ասում ենք՝ բենզինի ակցիզային հարկը թանկացել ա՝ մինչև հունվարի 1-ը միջազգային գներով ա թանկացել, հունվարի 1-ից հետո ակցիզային հարկով ա թանկացել, ասում եք՝ բենզինն ունի այլընտրանք, գազով մեքենաները վարեք: Ասում ենք՝ գազի ակցիզային հարկը 8 հազար 300-ից դարձել ա 25 հազար, ր հանրային տրանսպորտն ա արդեն կրախի առաջ կանգնել, քիչ ա մնում ասեք՝ դա էլ ունի այլընտրանք, ոտքով քայլեք: Եթե ասենք՝ գազը շատ թանկ ա, տներում ցուրտ ա, կարող ա ասեք՝ տաք հագնվեք: Մարդիկ կասեն՝ սոված ենք, աղքատության մեջ ենք, կասեք՝ ջուր խմեք, սովածությունը չեք զգա»:

«Ելք»-ից Արարատ Միրզոյանը վարչապետին այլ ապրանքների թանկացումը հիշեցրեց․ - «Թանկացել է կարագը, թանկացել է միսը, թանկացել է վառելիքը, թանկացել են բազմաթիվ ապրանքատեսակներ՝ 40 տոկոս, 30 տոկոս: Կարտոֆիլը, որ մեզ խորհուրդ էին տալիս ուտել՝ 30 տոկոսով»:

Կարեն Կարապետյանն արձագանքեց․ - «Այն գործողությունները, որոնք մեր պատճառով գին են թանկացնում, ես բացատրեցի: Այն, ինչ որ շուկայում է կատարվում՝ կարագ և այլն, դա շուկայի արձագանքն է: Եվ աշխարհի բոլոր երկրներում, կարագի հետ մեր մոտ ինչ որ կատարվում ա, մնացած տեղերը կատարվում ա»:

Թեման շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանը Կառավարությանը հարցն ուղղեց «Ո՞վ է ուզում միլիոնատեր դառնալ» խաղի ոճով: Կարտոֆիլ ուտելու՝ աղքատների ուղղված Հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանի խորհրդից հետո նաև այս ապրանքատեսակն է թանկացել․ - «Ի՞նչ ուտեն այս պարագայում աղքատները․ խառը կանաչի, որը Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով էժանացել է 48.5 տոկոսով, սխտոր, որ էժանացել է 22.2 տոկոսով»:

Արձագանքեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը․ - «Կարծում եմ, որ մեր ազգաբնակչությունը կընտրի առավել մեծ կալորիականություն ապահովող այն ապրանքների ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին»:

Ի դեպ, Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձավ նաև Հայաստան - Իրան եկաթուղու ճակատագրին: Այն կառուցելը դեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանի նախընտրական առանցքային խոստումներից մեկն էր: Առայսօր չկա անգամ երկաթգծի նախահաշիվը:

«Երկաթգիծը կկառուցվի թե չի կառուցվի՝ շատ խիստ կախված է այն ապրանքային հոսքերից, որ հնարավոր են այդ ճանապարհով իրագործել: Ես կարծում եմ, որ երկաթգիծը կառուցելը ինքնանպատակ չի, նամանավանդ՝ եթե այդ տրանսպորտային ուղու տեղափոխումը, ծավալներից ելնելով, կարող է այնպիսին լինել, որ լրացուցիչ ծավալ չգա, և բիզնեսը ծախսափակ չլինի: Մենք դրան կանդրադառնանք էն ժամանակ, երբ որ ակտիվացնենք այդ շուկան»:

XS
SM
MD
LG