Կատալոնիայի խորհրդարանը 83-օրյա դադարից հետո վերսկսեց աշխատանքը, և առաջին լիագումար նիստի ընթացքում խորհրդարանի նախագահ ընտրվեց երկրամասի անկախության կողմնակից Ռոժե Տորենը, ով ներկայացնում է ձախ Հանրապետական կուսակցությունը։
Դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ հիասթափեցրել են Իսպանիայի կենտրոնական իշխանություններին։ Հաղթել են կրկին անկախականները։
Իսպանիայից անկախանալու՝ կատալոնացիների հանրաքվեն Մադրիդը, հիշեցնենք, ապօրինի գնահատեց, կիրառեց 155-րդ հոդվածը՝ սառեցնելով Կատալոնիայի օրենսդիր և գործադիր կառույցների աշխատանքը, և ուղղակի կառավարում մտցրեց ինքնավար շրջանում։
Քրեական գործ է հարուցվել շուրջ երկու տասնյակ քաղաքական գործիչների նկատմամբ, նրանցից հինգը Բելգիայում են, չորսը՝ բանտում։
Այս իրադարձությունների ֆոնին, սակայն, կատալոնացիները, անտեսելով Մադրիդի հորդորներն ու սպառնալիքները, վերստին իրենց աջակցություն են տվել երկրամասն Իսպանիայի կազմից դուրս հանելու գաղափարին:
Կատալոնիայի նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնի գխավորած անկախականներն աննախադեպ հաղթանակ տարան՝ ստանալով շուրջ 113 հազար ձայնով ավելի, քան նախորդ՝ 2015-ի խորհրդարանական ընտրություններին։
Մինչև հունվարի վերջը Կատալոնիայի նորընտիր խորհրդարանը պետք է հաստատի նաև գործադիր մարմինը։ Ենթադրվում է, որ Կատալոնիան կրկին կղեկավարի Կարլես Պուչդեմոնը, ով, սակայն, գտնվում է ավելի քան 1300 կիլոմետր հեռավորության վրա՝ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ թաքնվում է իսպանական ոստիկանությունից, հայրենիք վերադառնալու դեպքում նա կձերբակալվի՝ անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ Այդ հոդվածը, նշենք, մինչև 30 տարվա ազատազրկում է նախատեսում։
Պուչդեմոնի թիմակիցները կարծում են, որ նա կարող է երկրամասը ղեկավարել նաև հեռվից՝ Սկայպի, Ֆեյսբուքի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով, եթե նման անհրաժեշտություն առաջանա։
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը անհեթեթ է որակել Կատալոնիան Սկայպով կառավարելու գաղափարը՝ հայտարարելով, որ թագավորության Սահմանադրության 155-րդ հոդվածը նախատեսում է ուղիղ կառավարում Մադրիդից և կարող է այն կրկին կիրառվել, եթե պատգամավորները փորձեն ընտրել Պուչդեմոնին։
Քվեարկությունը նախատեսված է հունվարի 31-ին։