Մատչելիության հղումներ

Կատալոնիայի ընտրությունները՝ հարված Մադրիդին


Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավար Կարլես Պուջդեմոնը պատասխանում է լրագրողների հարցերին, Բրյուսել, 22 դեկտեմբերի, 2017թ.

Երեկ Կատալոնիայում երկրամասի խորհրդարանական արտահերթ ընտրություններում անկախության աջակիցները տպավորիչ հաղթանակ են տարել:

Անջատականները 135 տեղանոց խորհրդարանում շահել են մանդատների 70 տոկոսը: Դա բացարձակ մեծամասնութուն է:

Փաստորեն անտեսելով Մադրիդի հորդորներն ու սպառնալիքները՝ կատալոնացիները վերստին իրենց աջակցություն են տվել երկրամասն Իսպանիայի կազմից դուրս հանելու գաղափարին:

Հայրենիքից ստացված լուրին արձագանքել է Բրյուսելում ապաստանած Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուջդեմոնը:

«Տիկնայք և պարոնայք, Կատալոնիայի հանրապետությունը պարտության մատնեց միապետության սահմանադրության թիվ 155 հոդվածը»,- հայտարարել է անտաջականների առաջնորդը, ով Իսպանիայի կենտրոնական իշխանության կողմից պաշտոնակ է արվել և մեղադրվում է ապստամբություն նախաձեռնելու մեջ:

Կենտրոնական իշխանությունը, հիշեցնենք, հենց 155 հոդվածով է սառեցրել Կատալոնիայի օրենսդիր և գործադիր կառույցների աշխատանը:

Պուջդեմոնը Մադրիդից պահանջել է անհապաղ ազատ արձակել Կատալոնիայի փոխնախագահ Օրիոլ Ժունկուերասին և անկախական գործունեության համար բանտարկված այլ գործիչներին, ու հավաստիացրել, որ ինքը և կառավարության անդամները կվերադառնան Բարսելոնա աշխատանքը շարունակելու համար:

Եվրոպացի փորձագետներից շատերը ենթադրում են, որ երեկվա քվեարկությունը ճշմարտության պահ էր թե՛ անկախության, և թե՛ միասնական Իսպանիայի կողմնակիցների համար: Այդ երկու իրարամերժ դիրքորոշումները Կատալոնիայում և Իսպանիայում առաջացրել են պառակտում՝ հարուցելով աննախադեպ բազմամարդ ցույցեր ու բախումներ:

Նման դրամատիկ իրավիճակ Իսպանիայում չի եղել 1975 թվականին դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվանից ու դեմոկրատիայի հաստատումից հետո:

Կատալոնիայի ընտրությունների արդյունքը ծանր հարված է կենտրոնական իշխանությանը: Վարչապետ Մարիանո Ռախոյն այսօր հանդիպել է կառավարության անդամներին և կուսակիցներին՝ իրավիճակին արձագանքելու համար:

Հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեն պաշտոնական Մադրիդն ու մասնավորապես Իսպանիայի սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել: Կարլես Պուջդեմոնի ղեկավարած «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը երեկ 34 տեղ է ստացել: Դա, թերևս, ամենատհաճ նորությունն է Ռախոյի համար: Ո՞րն է ելքը:

«Հաջորդ քայլն է անհապաղ բանակցել Մարիանո Ռախոյի հետ, որովհետև նրա դեղատոմը չի աշխատում, ձախողվել է: Մենք պարտավոր ենք քաղաքական լուծում գտնել Իսպանիայի պետության և Կատալոնիայի միջև առաջացած ճգնաժամը կարգավորելու համար», - ասել է Պուջդեմոնը:

Եվրոպացի վերլուծաբանների համոզմամբ, պետության հարուստ և զարգացած երկրամասում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը վարչապետ Ռախոյի կողմից լուրջ վրիպակ էր:

Ինչպես Reuters-ն է նշում, նա արել է նույն սխալը, որը վերջին տարիներին թույլ են տվել Հունաստանի, Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարներ Ալեքսիս Ցիպրասը, Դեյվիդ Քեմերոնն ու Մատեո Ռենցին, ովքեր, արտահերթ ընտրություններ նշանակելով, ընտրողների վրա էին դրել ներքին հիմնախնդիրները լուծելու պարտավորությունը:

Ռախոյը պնդում էր, որ անկախության հանրաքվեին մասնակցել է Կատալոնիայի ընտրողների փոքր մասը, նա հավատացնում էր, որ կատալոնացիների մեծ մասը չի ցանկանում անկախանալ: Ռախոյն ակնկալում էր միավորել ունիտար Իսպանիայի աջակիցներին և դեկտեմբերի 21-ի քվեարկությամբ ջախջախել անջատականներին:

Այսօր Ռախոյն ասել է, թե բացառում է կատալոնական քվեարկության հետևանքով համընդհանուր ընտրություններ անցկացնելու տարբերակը և պատրաստ է բանակցել Կատալոնիայի նոր ղեկավարության հետ, սակայն Պուջդեմոնի անունը չի նշել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG