Մատչելիության հղումներ

Մադրիդը Կատալոնիայում ուղղակի կառավարում է մտցնում


Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյ, արխիվ
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյ, արխիվ

Մադրիդն առաջին անգամ գործի է դնում Սահմանադրության այն հոդվածը, որը կենտրոնական իշխանությանը թույլ է տալիս ինքնավարությունում ուղղակի կառավարում հաստատել:

Մադրիդը Կատալոնիայում ուղղակի կառավարում է մտցնում: Այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը: Վերջինս ասել է, որ շրջանային կառավարության լիազորություններն ամբողջությամբ անցնում են իր կաբինետին:

Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Կատալոնիայի կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ նոր ընտրությունները պետք է անցկացվեն առաջիկա վեց ամսվա ընթացքում: Ավելի վաղ Ռախոյը ինքնավար այս կազմավորման շուրջ առաջացած ճգնաժամի կարգավորման հարցով կաբինետի արտահերթ նիստ է անցկացրել: Նախարարները քննարկել են Կատալոնիայի ինքնակառավարումը սահմանափակող գործողությունները: Այժմ Մադրիդն առաջին անգամ գործի է դնում Սահմանադրության այն հոդվածը, որն իրեն թույլ է տալիս շրջանում ուղղակի կառավարում մտցնել:

Կատալոնիայի անկախության կողմնակիցները պատրաստվում են Բարսելոնայում զանգվածային բողոքի ակցիա անցկացնել: Հոկտեմբերի 10-ին ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը թեև հայտարարել էր, թե շրջանն անկախության իրավունք է ստացել հանրաքվեի արդյունքներով, այդուհանդերձ՝ հետաձգել էր լիակատար անկախության պաշտոնական հռչակումը:

Իսպանիայի կառավարությունն իր հերթին վերջնաժամկետ էր սահմանել՝ Կատալոնիայի ղեկավարությունից պահանջելով պարզաբանել՝ Բարսելոնան անկախություն հռչակե՞լ է, թե ոչ: Ի պատասխան՝ կատալոնական իշխանությունները կենտրոնական կառավարությանը երկխոսության կոչ են արել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG