Մատչելիության հղումներ

Բարսելոնան անկախություն հռչակեց


Կատալոնիայի բնակիչները ողջունում են անկախության հռչակումը, Բարսելոնա, 27-ը հոկտեմբերի, 2017 թ.

Ի պատասխան՝ Մադրիդը երկրամասում ուղիղ կառավարման ռեժիմ հաստատեց:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում կայացած անկախության հանրաքվեին հաջորդած անորոշության և քաղաքական վախվորածության ժամանակաշրջանը թևակոխում է առավել հստակ քայլերի փուլ: Երկրամասի խորհրդարանն այսօր ընդունեց անկախության հռչակագիր:

«Անկախության հռչակագիրն ընդունվել է 70 կողմ, 10 դեմ և երկու անվավեր քվեների հարաբերակցությամբ»,- քվեարկությունից հետո ազդարարեց խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադել Ի Լուիսը: Սա միանգամայն նոր իրավիճակ է ստեղծում: Մադրիդը սպասել է, թե ինչ որոշում կկայացնի Բարսելոնան, իսկ Բարսելոնան էլ, իր հերթին, ուշիուշով հետևել է Մադրիդի քայլերին:

Ընդ որում՝ Իսպանիայի կենտրոնական իշխանությունը մշտապես Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուջդեմոնից հստակ հայտարարություններ է պահանջել: «Ի վերջո դուք անկախանո՞ւմ եք, թե՞ չեք անկախանում»,- վեջին օրերին շարունակաբար այս հարցն է տվել Մադրիդը:

Հանրաքվեից հետո Պուջդեմոնը մի քանի զգուշավոր հայտարարություն է արել, նկատել տալով, որ Կատալոնիան պատրաստ է հետաձգել անկախության հռչակումը և ընգծելով, թե անհրաժեշտ է բանակցել ու խաղաղ լուծում գտնել: Բայց Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը շատ չոր է արձագանքել․ «Ոչ մի բանակցություն, ոչ մի հանրաքվեի արդյունք, քանի որ բուն հանրաքվեն ապօրինի է: Չէ՞ որ Իսպանիայի սահմանադրական դատարանն է հայտարարել, որ անկախության հանրաքվեն չի համապատասխանում Մայր օրենքին»:

Կանխատեսելով, որ Բարսելոնան, հավանաբար, ստիպված կլինի անկախություն հռչակել, Մարիանո Ռախոյն այսօր առավտյան խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել որոշումների նախագծեր: «Խնդրւմ եմ կենտրոնական կառավարությանը վավերացնել հետևյալ վճիռները՝ պաշտոնանկ անել Կատալոնիայի նախագահին, փոխնախագահին և երկրամասի կառավարությունը»,- ասել է Ռախոյը: Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում Մադրիդը «պետք է միայն օրենքից բխող քայլեր կատարի»:

«Ուստի՝ մենք պետք է սկսենք Սահմանադրության 155 հոդվածով նախատեսված գործընթացը: Դա օրինական, իրավական, դեմոկրատական ընթացք է, որին հավանություն է տալիս Իսպանիայի ժողովուրդը: Ընթացակարգ, որը գոյություն ունի եվրոպական գրեթե բոլոր դեմոկրատական երկրներում»,- ասել է Ռախոյը:

Իսպանիայի վարչապետն առաջարկում է Կատալոնիայում անցկացնել նոր ընտրություններ, ինչը հնարավոր կլինի, եթե սենատը պաշտոնանկ անի Կատալոնիայի ներկայիս ղեկավարներին և երկրամասի կառավարումը հանձնի Մադրիդին: Այդ դեպքում կենտրոնական իշխանությունն ամենաուշը կես տարում Կատալոնիայում կկազմակերպի նոր ընտրություններ: «Հավատացեք, իմ անձնական ցանկությունն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս շուտ»,- ասել է Մարիանո Ռախոյը:

Իսպանիայի սենատն այսօր իսկ ձայների 214 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Կատալոնիան Մադրիդի ուղիղ կառավարման տակ դնելու որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG