Մատչելիության հղումներ

Թանկացումների հարցով կանցկացվեն խորհրդարանական լսումներ


Սերժ Սարգսյանի առաջարկից օրեր անց Ազգային ժողովը որոշեց լսումներ անցկացնել թանկացումների հարցով:

Անցած ուրբաթ նախագահի նստավայրում հյուրընկալելով Ազգային ժողովի խորհրդի անդամներին, բացառությամբ ընդդիմադիր «Ելք»-ի ներկայացուցչի՝ Սերժ Սարգսյանն ասել էր, թե գուցե արժե խորհրդարանական լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները:

Արդեն արդեն՝ հերթական քառօրյայի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ իր նախաձեռնությամբ հունվարի 23-ին խորհրդարանի նիստերի դահլիճում հրավիրվում են լսումներ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները, և գնաճը մեղմելու հնարավարությունները» թեմայով:

Ընդդիմադիր «Ելք»-ը, որ գալիք ուրբաթ ընդդեմ թանկացումների բողոքի երթ է անցկացնելու, հայտարարեց, թե խորհրդարանական լսումներ անցկացնելն անիմաստ է:

Էդմոն Մարուքյանի խոսքով, մնացել է միայն փողոցային պայքարի տարբերակը․ - «Անիմաստ է կազմակերպելը, պարոն Բաբոլյան, որովհետև դա դուրս է գալիս, որ գազը բաց թողալու ինչ-որ միջոցառում է լինելու: Մինչդեռ պետք է հրատապ Հարկային օրենսգիրքը մտցնել խորհրդարան և համապատասխան փոփոխությունները կատարել: Այնպիսի տպավորություն է բոլոր այս քննարկումների արդյունքում, որ իբր թե հանրապետական մեծամասնությունը և իշխանությունները նոր են իմացել, որ այսպիսի թանկացումներ կան, և իրենք ամեն բան ուզում են անել, որ դրա դեմն առնեն: Երբ որ սեղմված գազի ակցիզային հարկը 8 հազար դրամից դարձնում էիք 25 հազար դրամ՝ երեք անգամ թանկացնում, էդ պահին չէի՞ք մտածում, որ թանկացումները ունենալու են շղթայական էֆեկտ»:

Մարուքյանը խորհրդարանին հիշեցրեց, որ իշխող մեծամասնությունը մերժել է «Ելք»-ի օրենսդրական նախաձեռնությունները հարկային ոլորտում, և հավելեց․ - «Եվ դուք ուզում եք գալ և էստեղ հայտարարել, որ՝ գիտեք ինչ կա, մենք հիմա կքննարկենք, պետք է մեղմել․․․ Ի՞նչն եք ուզում մեղմել»:

Նիկոլ Փաշինյանը իշխանությունների նախաձեռնած խորհրդարանական լսումները կապեց իրենց բողոքի ակցիայի հետ․ - «Տեսեք ժամանակացույցը ոնց են դրել: Էդ երթը լավ ստացվի, շատ մարդ դուրս գա փողոց, մինչև լսումները ժամանակ ունենան․․․ եթե այս սցենարով գնա, գալն լսումներին, վերջում ասեն՝ դե, հա, թանկացում կա, կնայենք, կտեսնենք մյուս տարի, ամառը, աշնանը և այլն: Մենք էս ենք ասում, շատ պարզ տրամաբանություն ա․ եթե ուզում եք գնաճը կանգնի, ժողովուրդ ջան, պետք է դուրս գալ փողոց»:

Արա Բաբլոյանին, սակայն, փողոցային պայքարի միտքը դուր չեկավ․ - «Ոչ թե հարցի քննարկումը տեղափոխել դեպի փողոց, որտեղ որ ամբոխը, միանշանակ է, հարցի լուծում չի կարող տալ, այսինքն կոչ անել՝ ուժային ճանապարահով ազդեցություն, այլ գնալ ժողովրդավարական ճանապարհով՝ կազմակերպել խորհրդարանական լսումներ»:

Լսումներին վերապահումով է վերաբերվում ընդդիմադիր մյուս ուժը՝ «Ծառուկյան» խմբակցությունը: Վարդան Բոստանջյանը դրանք ձևական որակեց․ - «Գալոչկան դնելու համար: Նախագահը առաջարկություններ ներկայացրեց, էդ առաջարկությունները որևէ մեկը չեն նկատում, որ մի բան անելու է»:

Գագիկ Ծառուկյանի գլխավորած խմբակցությունը նաև գնաճի հետևանքները մեղմելու համար այսօր պնդեց օրենսդրական իր նախաձեռնությունը՝ մինչև 150 հազար դրամ ստացողների համար հունվարի 1-ից գործող 23 տոկոս եկամտահարկն իջեցնել 21-ի, իսկ 150-300 հազար դրամ ստացողների համար հունվարի 1-ից գործող 28 տոկոսը նորից դարձնել 26 տոկոս:

Միքայել Մելքումյանը հիշեցրեց՝ այս տարի թոշակ ու աշխատավարձ չեն բարձրանալու․ - «Պետք է ժողովրդին շանս տալ, որպեսզի ժողովուրդը շնչի»:

Նախկին վրաչապետ, իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հակադարձումը հարուցեց ընդդիմադիրների զայրույթը․ - «Եթե այս օրենսդրական նախաձեռնությունը մենք դնում ենք շրջանառության մեջ, շահը, տարբերությունը 300 հազար ստացողի համար կազմում է 3 հազար 200 հարյուր դրամ՝ օրական 100 դրամով: Հիմա ասացեք խնդրեմ, օրական 100 դրամով եկամուտն ավելացնելով մենք այդ ընտանիքի՝ գնաճին դիմագրավելու կարողությունները ավելացնո՞ւմ ենք»:

Միքայել Մելքումյան․ - «Էղած լուծումները իրավունք չունեք նսեմացնելու: 100 դրամն է ա փող, 3 հազար դրամն էլ ա փող․․․ 615 հազար աշխատող ունենք, որից 553 հազարը ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ: Ուրեմն, մենք ունենք աշխատող աղքատներ: Բարի եղեք, թվերը ճիշտ ներկայացրեք»:

«Ելք»-ից Արարատ Միրզոյանը նվազագույն սպառողական զամբյուղը հիշեցրեց Խոսրով Հարությունյանին․ - «56 հազար դրամի կարգի թիվ է: Իսկ նվազագույն պարենային զամբյուղը՝ 32 հազարի: Այսինքն, եթե նույնիսկ 3 հազար մասին ենք խոսում, մենք խոսում ենք էդ զամբյուղի 10 տոկոսի մասին: Սա շատերի համար էական, ռեալ թիվ է»:

Գլխադասային հանձնաժողովում «Ծառուկյան» դաշինքի այս նախաձեռնությունը բացասական եզրակացություն էր ստացել, իսկ այսօր խորհրդարանական մեծամասնությունը ձեռնպահ քվեարկությամբ թույլ չտվեց, որ նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկվի:

Հանրապետականի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ հարցին իշխանությունները կանդրադառնան՝ առանց մանրամասնելու, թե ինչպես․ - «Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը մեկ թիմ են, և նրանք քննարկումների արդյունքում են այս որոշումները կայացնում: Մոտ ժամանակներս եկամտահարկի մասին մենք կունենանք փաթեթ, բովանդակային քննարկում կկազմակերպենք և գլոբալ փոփոխությունների կգնանք: Մենք դեմ ենք կոսմետիկ փոփոխություններին, որ արդյունք չի կարողանում տալ»:

Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց․ - «Այս ամենը ցույց է տալիս մի բան, որ հարկային բեռը թերևացնելու առումով խորհրդարանական մեծամասնությունը ոչ մի զիջման չի գնալու: Եվ չի գնալու, մեր համոզմամբ, այնքան ժամանակ, քանի դեռ տասնյակ հազարավոր քաղաքացիներ փողոցներում չեն պահանջում այդ հարկային բեռի թեթևացումը»:

XS
SM
MD
LG