Մատչելիության հղումներ

Թանկացումները տանում են սոցիալական պայթյունի․ Արտախորհրդարանական ուժեր


Երևանյան շուկաներից մեկում, արխիվ

Տարվա սկզբից Հայաստանում արձանագրված թանկացումները տանում են սոցիալական պայթյունի: Նման համոզմունք են հայտնում մի շարք արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ընդգծելով, որ թանկացումների դեմն առնելու արդյունավետ միջոց կարող է լինել իշխանափոխությունը, ինչը վերջ կդնի երկրում տասնամյակներ շարունակ գործող ու անհիմն թանկացումների պատճառ դարձող մենաշնորհներին:

Հունվարյան առաջին օրերը, ինչպես հայտնի է, հայաստանցիների համար նշանավորվեցին թանկացումներով, մասնավորապես, 10-15 տոկոսով բարձրացել են բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի գները:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր «Ազատությանը» հետևյալը փոխանցեց․ «Թանկացումները դիտարկում ենք որպես Հայաստանում առկա քաղաքական կառուցվածքի ճգնաժամի հետևանք: Թանկացումների դեմ պայքարը «Երկիր Ծիրանին» տեսնում է համահայկական ընդվզման միջոցով, որի արդյունքում պետք է տեղի ունենա համակարգային փոփոխություն:

Եթե ոչ, ապա թանկացումների զսպման որևէ մեխանիզմ գոյություն չունի: Ընդհակառակը՝ հաշվի առնելով մի քանի տնտեսական տվյալներ, աճող պետական պարտքը և դրա սպասարկումը, ծերացող բնակչությունը, չդադարող արտագաղթը և քաղաքական մենաշնորհի առկայությունը՝ առաջիկայում կարող ենք ականատես լինել նոր թանկացումնրի»: Փոստանջյանը հավելեց, որ խնդրին ավելի հանգամանալից կերպով կանդրադառնան առաջիկայում:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ թանկացումները «միանշանակ բացասական ազդեցություն կունենան բնակչության վրա»: «Դեռևս 2013 թվականի այն որոշմամբ, որ Հայաստանը պետք է մտնի ԵՏՄ, մենք զգուշացրեցինք, որ դա ապրանքների թանկացման է բերելու: Երբ եկամտահարկի հետ կապված խնդիրներ են լինում, բազմաթիվ փորձագետներ, քաղաքական գործիչներ զգուշացնում են, որ դա ստվերը կարող է մեծացնել և քաղաքացիների, հատկապես միջին խավի վրա բացասաբար ազդել, էլ չեմ խոսում կուտակայինի մասին, որի բացասական հետևանքների մասին մենք բազմաթիվ անգամներ խոոսել ենք»,- «Ազատությանն» ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Արամ Մանուկյանի խոսքով էլ՝ շարունակվող արտագաղթի պայմաններում Հայաստանի իշխանությունները փորձում են ավելացնել հարկերն ու տուրքերը, ինչն էլ, ի վերջո, բերում է թանկացումների: Մանուկյանը նաև ընդգծեց․ «Քանի դեռ Հայաստանը չի գնացել խաղաղության ճանապարհով, կիսապատերազմ ճանապարհը քայքայելու է Հայաստանը, ոչնչացնելու է տնտեսությունը և արտագաղթի պարարտ հող է տալու»:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները «նախընտրական շոու» որակեցին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երկու օր առաջ կայացած՝ գործադիր իշխանության տնտեսական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունը, որի ժամանակ Սարգսյանն առաջարկել էր քննարկել գնաճի հետևանքները մեղմելու տարբերակները և այլն էլ՝ տարվա երկրորդ կեսին:

Արամ Մանուկյանն այդ առնչությամբ ասաց․ «Ձև է, նախընտրական, արդեն ինքը [Սերժ Սարգսյանը] պատրաստվում է ապրիլին, քայլեր է անելու, որ ցույց տա, որ ինքը մտահոգված է ազգի ճակատագրով»: Ըստ Մանուկյանի, թանկացումների հիմնական պատճառներց են մենաշնորհները և ստվերը, մինչդեռ դրանց վերացման ուղղությամբ քայլեր չեն արվում: «Գալու է այս երկրում արշալույս, էսպես չի մնալու»,- համոզված է ՀԱԿ փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG