Մատչելիության հղումներ

Միքայել Մելքումյան․ Գնաճի զսպման խորհրդարանական լծակները սպառված չեն


Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյան, արխիվ:
Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյան, արխիվ:

Արձագանքելով ընդդիմադիր «Ելք» դաշինքի՝ թանկացումների դեմ հաջորդ շաբաթ նախատեսված բողոքի ակցիային իրենց մասնակցության վերաբերյալ հարցին՝ Ազգային ժողովում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, թե «գնաճի զսպման խորհրդարանական լծակները սպառված չեն»:

«Մենք հարգում ենք մեր գործընկեր քաղաքական ուժի որոշումները և պայքարի ձևը: Հարգանքով ենք վերաբերվում: Իրանք էդպես են գտնում՝ իրանց խնդիրն ա: Մենք գտնում ենք, որ մենք մեր աշխատանքի ոճը ունենք, անում ենք այն, ինչ որ անում ենք: Բայց որ ասեմ քննարկել ենք՝ չենք քննարկել: Էդ խնդիրը մեր մոտ չի քննարկվել: Բոլոր դեպքերում մենք գտնում ենք, որ պառլամենտում շատ անելիքներ կան», - հավելեց նա:

Մելքումյանի խոսքով, գնաճի ու դրա բացասական հետևանքների մասին ամենաշատը խոսել է հենց «Ծառուկյան» դաշինքը։ «Ծառուկյան» խմբակցությունում, սակայն, կարծում են, որ գնաճի համար բազմաթիվ այլ միջոցներ կան:

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը դրանցից մեկը, օրինակ, կներկայացնի երկուշաբթի մեկնարկող քառօրյայում․ - «Պարոն Ծառուկյանը դեռևս 2009 թվականից ասել է, որ պետք է հարկերը իջեցնել, ճգնաժամի ժամանակ պետք է վարկային տոկոսադրույքները իջեցնել, ազատություններ տալ և այլն: Այսինքն, սա մեկ տարվա խնդիր չէ, առնվազն 7-8 տարվա խնդիր է: Բայց կոնկրետ քաղաքական գործունեության ոճի առումով, մենք դեռևս գտնում ենք, որ պետք է բոլոր միջոցները օգտագործել, այդ թվում օրենսդրականը՝ ավելի շատ, որովհետև մենք գտնվում ենք պառլամենտում: Պառլամենտում ես չեմ կարծում, թե մեր գործունեության ամբողջ տեսականին սպառված է: Օրինակ, մի միջոց էսօր քննարկվելու է տնտեսական հանձնաժողովի նիստում, 15-ին էլ մտնելու ա պլենառնի․ որ եկամտահարկը իջեցնենք»:

Թանկացումների դեմ փողոցային պայքար սկսող ընդդիմադիր «Ելք» դաշինքը, մինչդեռ, կարծում է, որ գնաճը հնարավոր կլինի զսպել հասարակության լայն շրջանակի աջակցության շնորհիվ։

Լենա Նազարյան
Լենա Նազարյան

Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը չի բացառում, որ ցույցերը լինեն շարունակական․ - «Ի վերջո փողոցը քաղաքական միջավայր է, և փողոցում կանգնած մարդը կարող է ազդել քաղաքականության վրա, կարող է ազդել Ազգային ժողովի վրա և Ազգային ժողովի որոշման վրա: Այս գիտակցումը շատ կարևոր է, և անընդհատ պետք է հիշել և անընդհատ պրակտիկայում կիրառել»:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում տարեսկզբից մոտ 40 դրամով թանկացել է բենզինն ու մեքենաների լիցքավորման գազը, իսկ գյուղատնտեսության մեջ լայնորեն կիրառվող դիզվառելիքի գինը 390-ից հասել է 440 դրամի։ Բացի այդ, 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները, այս ամսվանից արդեն մոտ 2 տոկոսով քիչ կվարձատրվեն՝ եկամտահարկի դրույքաչափերի բարձրացման պատճառով:

Երեկ թանկացումներին մասին խոսեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներին հանձնարարելով գտնել գնաճի հետևանքների մեղմման տարբերակներ։

«Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, իսկ դուք, վստահ եմ, ինձնից ավելի սրատես եք այս հարցերում», - ասել էր նախագահը:

«Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանի կարծիքով, նախագահի հանձնարարականը ուշացած է․ - «Նախ, Սերժ Սարգսյանն այդ խորհրդակցությունը հրավիրեց բացառապես այն պատճառով, որ «Ելք»-ը հայտարարեց երթի մտադրության մասին: Գնաճ լինելու է՝ պայմանավորված հարկերի բարձրացմամբ, դա ոնց որ թե չժխտվեց: Բայց լինելու են ինչ-որ սոցիալական ծրագրեր, որոնք կմեղմեմ այդ գնաճը: Մենք դրան համաձայն չենք»:

Միքայել Մելքումյանը, սակայն, փոքր ինչ այլ կարծիքի է․ - «Միշտ էլ պետք է զսպել․․․ Կարծում եմ, որ պետք ա արագ․ ինչ որ լինի, պետք ա արագ լինի: Կարծում եմ, պետք ա առաջիկա մի քանի օրերին ընթացքում բոլորս իմանանք՝ հիմա մեջ տեղաշարժեր կա՞, թե՞ չկա: Դեպի ներքև իջնելը, ոչ թե դեպի վերև: Մի փոքր համբերենք՝ մի քանի օր, և կհասկանանք արդեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG