Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԱԳՆ-ում, 28-ը դեկտեմբերի, 2017թ․

Ղարաբաղյան հարցում «միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով», ամփոփելով տարին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ պնդելով, թե դա լավագույնս արտացոլված է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների և ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում: Դրանք, հիշեցնենք, խնդրի կարգավորման երեք սկզբունքներ են առաջ քաշում՝ ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում:

Երեկ ելույթ ունենալով արտաքին գործերի նախարարությունում՝ դիվանագետների, այդ թվում և օտարերկրյա դեսպանների առջև, Սերժ Սարգսյանն անդրադարձել է Իլհամ Ալիևի հետ իր հանդիպմանը: «Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից, մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն և ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ», - ասել է Հայաստանի նախագահը:

Ըստ «Ռազմինֆո» կայքի, մինչև այս տարվա նոյեմբերի 30-ը հայտարարվել է Հայկական բանակի 58 զինծառայողի մահվան մասին, որոնցից 25-ը՝ մարտական գործողությունների հետևանքով: Դեկտեմբերին միջադեպերի մասին չի հաղորդվել: Վերջնական՝ պաշտոնական վիճակագրությունը Պաշտպանության նախարարությունը ներկայացնելու է եկող տարեսկզբին:

Խորհրդարանական ընտրություններին «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով մասնակցած ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը վերահաստատում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է: Զուրաբյանը վկայակոչում է սիրիական ճգնաժամը հարթելու հարցում Մոսկվայի դերի շեշտակի բարձրացումը, թե ստեղծվել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան տարածաշրջանային անվտանգությն նոր ֆորմատ:

«Ես չեմ ասում, որ Միացյալ Նահանգների ազդեցությունը լրիվ զրոյացել է, բայց կտրուկ ընկել է այս պրոցեսների հետևանքով: Ավելին ասեմ՝ միջինարևելյան հաջողությունները թույլ են տալիս Ռուսաստանին ստանձնել ավելի ակտիվ դերակատարություն ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, և մենք միշտ էլ ասել ենք, որ էսօրվա ստեղծված իրավիճակում ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալիները, ըստ էության, Ռուսաստանի ձեռքում են գտնվում, և այդ իրողությունը իրականում ավելի ամրապնդվել է: Եվ այդ աշխարհաքաղաքական գործընթացների ուղղությունը ցույց է տալիս, որ ստեղծված են լուրջ նախադրյալներ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահը:

Դիտարկմանը, թե գուցե հակառակը՝ Ռուսաստանը շահագրգռված է դեռ շատ երկար չօգտագործել այդ բանալին՝ կախվածության մեջ պահելով Հայաստանը և Ադրբեջանը, Զուրաբյանը հակադարձեց, թե դա ասողները պարզ ճշմարտություն չեն հասկանում:

«Բանալին նաև կարելի է օգտագործել այն բանի համար, որ երկու երկրները ավելի ամուր մնան, ամրապնդվեն այդ ազդեցության գոտու մեջ: Որովհետև եթե, օրինակ, այդ բանալին օգտագործելու հետևանքով Ռուսաստանը դառնում է խաղաղության գլխավոր երաշխավորը և, չգիտեմ, խաղաղապահ զորքերի տեղաբաշխողը և ընդհանրապես միջնորդից վերածվում է երաշխավորի, դա ավելի ամուր ազդեցության հնարավորություն է», - վստահեցրեց ՀԱԿ փոխնախագահը:

Ընդդիմադիր գործիչը պնդում է՝ կենսունակ է Լևոն Տեր֊Պետրոսյանի բանաձևը՝ զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել, ոչինչ չես զիջում՝ կորցնում ես ամեն ինչ։

«Այլընտրանքը ստատուս քվոյի պահպանումն է ամեն գնով մի վիճակում, երբ այդ գինը կարող է դառնալ արդեն ճակատագրական և աղետալի», ֊ նշեց Զուրաբյանը։ ֊ «Առավել ևս, որ այսօր Հայաստանում իշխանության գտնվում են այն ուժերը, ովքեր համարում են, որ Հայաստանը կարելի է զարգացնել առանց Ղարաբաղի խնդրի լուծման։ Նույն Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը և նրանց սատարող ամբողջ քաղաքական համակարգը։ Բայց իրենք արդեն 18 տարի են իշխանության մոտ, և եթե առարկությունը այն է, որ՝ կոռուպցիան հաղթահարելով կարելի է զարգացնել Հայաստանը, ուրեմն այդ ուժերը իրավունք չունեն դրա մասին խոսելու, որովհետև իրենք են մարմնավորում այդ կոռուպցիան Հայաստանում»։

Տարեվերջին Հայաստան և Ադրբեջան այցելեց Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը լավատեսությամբ չէր խոսել ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորման մասին։ Իլհամ Ալիև ֊ Սերժ Սարգսյան հաջորդ հնարավոր հանդիպման մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG