Մատչելիության հղումներ

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարության ընդունելությանը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է նաև Երևանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին՝ խնդրելով նրանց իրենց գործընկերներին ևս փոխանցել իր բարեմաղթանքները:

Տոնական ընդունելության ժամանակ նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների գործընթացում ունեցած ներդրման համար մի խումբ անձանց պարգևատրել է շնորհակալագրերով:

«Այս տարի ևս մեր դիվանագիտությունը կարողացավ հետևողականություն ցուցաբերել իր առջև դրված խնդիրների լուծման հարցում։ Հայաստանը շարունակեց հանդես գալ որպես վստահելի միջազգային գործընկեր, որ պատրաստ է տարբեր հարթակներում բաց համագործակցության, ընկալելի է իր ձգտումներով և կարողանում է համատեղել ամենատարբեր գործընկերների հետ հարաբերությունները։», ֊ դիվանագետներին ուղղված իր շնորհակալական ուղերձում ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը կարևորել է հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացվելու հանգամանքը և պահանջել ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ գործին:

2017 թվականի ձեռքբերումներից մեկը որակելով Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, Սերժ Սարգսյանը կարևորել է նաև հետևողական աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և Եվրասիական տնտեսական միությունում:

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է մեր արտաքին և անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում: Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն և ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ», ֊ փաստել է Սերժ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով: ֊ «Դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում», ֊ նշել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG