Այսօր ժամը 12:30-ի դրությամբ, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար մեքենաների և ավտոբուսների համար, փակ՝ բեռնատարների:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից տեղեկացրել են, որ ռուսական կողմում կա կուտակված 395 բեռնատար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հիշեցնենք, շաբաթասկզբին հաղորդվեց, որ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու նպատակով: