Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է պնդել, որ որոշումներն ընդունվում են «կոպիտ խախտումներով»


«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, թե «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը երկրորդ ընթերցմամբ քննարկելը անօրինական է, քանի որ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, այն առաջին ընթերցմամբ չի ընդունվել։

Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը որոշել էր, որ Կառավարության ներկայացրած նախագիծը սահմանադրական օրենքի նախագիծ է, ուստի այն առաջին ընթերցմամբ ընդունելու համար անհրաժեշտ էր պատգամավորների առնվազն 3/5-րդի կողմ ձայները՝ այսինքն 63 ձայն: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները Նիկոլ Փաշինյանի հորդորով չմասնակցեցին քվեարկությանը՝ բացառությամբ «Ծառուկյան» դաշինքից Նապոլեոն Ազիզյանի: Նա ավելի ուշ պարզաբանեց, թե կողմ չի քվեարկել, պարզապես «մատն է կպել»:

Թեև քվեարկությունից հետո ցուցատախտակի վրա արձանագրվել էր 61 պատգամավորի ձայն, սակայն խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց՝ Ռուստամ Մախմուդյանը (ՀՀԿ) կողմ է քվեարկել, պարզապես կոճակը չի աշխատել, իսկ Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ) թեև բացակայում է, բայց նախապես տեղեկացրել է կողմ լինելու մասին, հետևաբար անհրաժեշտ 63 թիվն ապահովված է:

Այսօր «Ելք»-ի պատգամավորները քննարկման առարկա դարձրին Ռուստամ Մախմուդյանի քվեարկության հարցը:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասաց․ - «Կանոնակարգը ասում ա, որ մենք ձայները կարանք հաշվառենք էրկու ֆակտորի հիման վրա ՝ էլեկտրոնային քվեարկություն և գործուղման մեկնած պատգամավորների ծրարներ: Այսինքն չկա որևէ իրավական դրույթ, որը հնարավորություն է տալիս, որ պատգամավորի բանավոր հայտարարությունը հաշվառվի որպես կողմ ձայն: Հիմա հարց կծագի՝ բա պատգամավորին չե՞նք թողում քվեարկի: Դրա համար կա 6-րդ կետը, որը ասում է, որ նման դեպքերում, երբ որ խախտում է տեղի ունեցել, այսինքն խախտումն այն է, որ պատգամավորը չի կարողացել օգտվել քվեարկելու իր իրավունքից, առանց քննարկման պետք ա տեղի ունենա վերաքվեարկություն»:

Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը արձագանքելով Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը՝ ասաց, որ եթե Մախմուդյանի կոճակը չէր աշխատում, չէին կարող սահմանափակել պատգամավորի քվեարկելու իրավունքը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավելեց, թե չի հասկանում «թե Ռուստամ Մախմուդյանի քվեարկությունն ինչո՞ւ մատի փաթաթան սարքեցին»: Հիշեցնելով, որ Մախսուդյանի քվեարկության կոճակը չի աշխատել, Բաղդասարյանը նկատեց, որ նախադեպեր եղել են, երբ մարդիկ չեն հասցրել քվեարկել, հայտարարել են դրա մասին․ - «Արդյո՞ք մեր ընդդիմադիր գործընկերները օրենքին են դեմ, թե՞ պարզապես ցանկանում են Ազգային ժողովի բնականոն աշխատանքը խարխլել: Ինձ թվում է, որ օրենքը իրենց համար այդքան կարևոր չէր այս պահին: Պարզապես ցանկանում են ցույց տալ, որ Ազգային ժողովի մեծամասնությունը չի կարողանում իրավիճակը տիրապետել: Իսկ դա այդպես չէ»:

Սա հարուցեց Փաշինյանի վրդովմունքը․ - «Էս ի՞նչ արտահայտություն ա, էս ի՞նչ բառապաշար ա: Խորհրդարանական մեծամասնությունը վիճակին տիրապետելը ո՞րն ա․․․ Խոսքը օրինականության հիմունքների մասին ա, խոսքը նրա մասին ա, որ դուք էրկու տարի, դրանից առաջ էլ ասում էիք՝ այ, մենք, Սահմանադրությունը, խորհրդարանական պետություն, փոքրամասնության իրավունքներ․․․ տեսեք ինչ կուկլա երկիր ենք ստեղծում: Հիմա արդեն հենց որ տենում եք, որ ինչ-որ բան ձեր ուզածով չէ, խոսում եք տիրապետելու մասին»:

Նախագծի առաջին ընթերցման վերաքվեարկություն, սակայն, տեղի չունեցավ։ Հանրապետականից հակադարձեցին, թե երեկվա քվեարկությունը միանշանակ օրինական էր:

Մեծ աղմուկ բարձրացավ նաև «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծի երկրորդ ընթերցման քվեարկության ընթացքում: Նախագիծը անհրաժեշտ թվով ձայներ չէր հավաքել, և Արա Բաբլոյանը նախագիծը վերաքվեարկության դրեց․ - «Խանգարեցիք պատգամավորներին բնականոն ձևով աշխատել: Ես վերաքվեարկություն եմ հայտարարում»:

Բաբլոյանը հայտարարեց արդյունքը․ - «Կողմ 63, տիկին Հովհաննիսյանի ձայնը՝ 64: Որոշումը ընդունվել է»:

Մանե Թանդիլյանն վրդովվեց․ - «Եվ հիմա նորից պնդում ենք՝ վարման կարգի վերաբերյալ Դուք դրանից առաջ չեք տրամադրել․․․ Մենք չենք կարող ազգի առջև էսպես խախտումներով գնալ առաջ»:

Նրան հակադարձեց Էդուարդ Շարմազանովը․ - «Ինչքան դուք իրավունք ունեք վարման կարգով, էնքան էլ կոալիցիան իրավունք ունի վարման կարգով: Կներեք, Ազգային ժողովի նախագահությունը «սադի գոքորները» չեն, որ դուք ոնց ուզեք, տենց էլ անեք: Կան օրենքներ, խնդրում եմ Ազգային ժողովի նախագահին հստակ, օրենքով սահմանված կարգով էդ հարցը անել: Ընդունվե՞լ է որոշումը, հիմա անում ենք որոշում: Դահլիճում կա 63 հոգի: Եվ խնդրում եմ պրովոկացիաներին չտրվել»:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց․ - «Ազգային ժողովի փոխնախագահը Ազգային ժողովի ամբիոնից Ազգային ժողովի նախագահին ասում ա՝ հո սադի Գոքորը չի․․․ Էս ինչո՞վ եք զբաղված»:

Ի դեպ, «Ելք» խմբակցության ղեկավարը, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից, քվեարկություններից առաջ 20-ական րոպե ընդմիջումներ էր պահանջում։ Այսպես 10-ն անգամ: ՀՀԿ որոշ պատգամավորներ, որոնք խորհրդարանի աշխատանքներին մասնակցում են հիմնականում քվերկությունների ժամանակ, ստիպված եղան մի քանի ժամ մնալ Ազգային ժողովում։ Գեներալ Սեյրան Սարոյանը միջանցքում բողոքեց, թե՝ «մենակ Նիկոլը տես ինչ օրն ա քցել մեզ սաղին․․․ դառել ենք կուռկուռի ձագ»:

Իսկ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Նիկոյանը Կանոնակարգ փոխելուց խոսեց․ - «Ազգային ժողովի բնականոն աշխատանքները խաթարելու միտում կա: Իրենք գնում են այդ ճանապարհով, որ Կանոնակարգի այդ հնարավորությունը ի չարս օգտագործելու, ապա երևի անհրաժեշտություն կլինի վերանայել Կանոնակարգը, որը կարվի»:

Էդմոն Մարուքյանը բացատրեց․ - «Ֆրակցիան ունի իրավունք ամեն քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելու: Մեր իրավունքներից, ըստ էության, մնացել է այս միակ իրավունքը․․․ Մենք չենք բոյկոտում, մենք աշխատում ենք, մենք օգտագործում ենք «ԱԺ Կանոնակարգ» օրենքը»:

Ի դեպ, առավոտյան նիստերի դահլիճը լքելու որոշում կայացրեց «Ծառուկյան» խմբակցությունը: Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ ի նշան բողոքի.- «Ծառուկյան դաշինքը այս զոռբայությունը, այս անօրինական կերպով կազմակերպել քվեարկությունը, և կրկնում եմ՝ երկրի Մայր օրենքը սարքել պոլի շոր, համարում է անընդունելի, և ի նշան անհամաձայնության, մենք լքում ենք նիստերի դահլիճը»:

Արտահերթ նիստի և երկրորդ նստաշրջանի աշխատանքները, ինչպես փոխանցում են ԱԺ-ից, ավարտվեցին։

XS
SM
MD
LG