Մատչելիության հղումներ

«Ծեծկռտուք չի եղել, ուղղակի բարձր վեճ էր»․ Սերգեյ Բագրատյան


«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ԱԺ նիստի ժամանակ

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքում է մամուլում տարածված այն տեղեկությունները, թե իր և խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Արթուր Մանուկյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

Նշենք, որ մամուլը գրեց, թե այսօր «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո Սերգեյ Բագրատյանը հայհոյել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանին, ում «կողմ» քվեարկության պատճառով նախագիծը ընդունվեց: Ըստ մամուլի՝ հնչած հայհոյանքները դուր չեն եկել նույն խմբակցության անդամ Արթուր Մանուկյանին, ինչից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել: Մինչդեռ Սերգեյ Բագրատյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ ծեծկռտուք և հայհոյանք չի եղել, ուղղակի բարձր տոնով խոսել են այն մասին, թե որն էր ավելի ճիշտ, որպեսզի խմբակցությունը չմասնակցի քվեարկությանը, թե դեմ քվեարկի:

«Բարձր վեճ էր ինքը», - պնդեց Բագրատյանը: «Ազատության» հարցին՝ վեճը Արթուր Մանուկյանի՞ հետ էր, ծեծկռտուք եղե՞լ է, հայտարարեց․ - «Չէ, Արթուր Մանուկյանը այդտեղ չի եղել, որ մենք վիճել ենք պատգամավորներով: Որից հետո, որ ես դուրս եկա՝ տեսանք լրագրողներ են լիքը, որպեսզի բան չլիներ՝ անմիջապես Մանուկյան Դավիթին տեսա, մոտեցա իրա սենյակին: Մտել ենք, մի րոպե չի անցել՝ Արթուրի հետ դուրս ենք եկել, ինքը ինձ թևանցուկ արած, զրուցելով եկել ենք: Լրագրողներ են տեսել: Հիմա ենթադրում եմ, որ այդ աղմուկը և Արթուրի՝ ինձ թևանցուկ արած գալը կապել են իրար հետ»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն պնդում է, որ Արթուր Մանուկյանի հետ չի՞ վիճել, միմյանց չե՞ն հայհոյել, պատգամավորը պատասխանեց․ - «Արթուր Մանուկյանի հայրը ինձ հարազատ մարդ է, կարելի է ասել՝ ընկեր է: Արթուրը իմ տղայի հասակակիցն է, ինձ հորեղբայրով է դիմում: Ինչքանո՞վ է տրամաբանված»: - «Այսինքն Դուք հերքո՞ւմ եք այդ հրապարակումները՝ ծեծկռտուք չի եղել, հայհոյանք չի եղել»․ - «Չի եղել: Վեճ եղել է, բարձր խոսակցություն, բարձր տոնով եղել է վեճ»:

Հարցին, արդյոք Սերգեյ Բագարտյանը դատապարտել է Նապոլեոն Ազիզյանի քայլը, որ նա խմբակցության որոշմանը չի ենթարկվել և կողմ է քվեարկել օրինագծին, Սերգեյ Բագրատյանն ուշագրավ տեղեկություն հայտնեց ասելով, որ դատապարտելու խնդիր չկար, քանի որ Ազիզյանը ինքն է պատմել, որ թյուրիմացաբար է քվեարկել, քանի որ իրեն թվացել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է օրինագծի ընդունմանը։ Մինչդեռ Ազիզյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրել էր, թե քվեարկությանը չի մասնակցել, պարզապես մատը պատահաբար կպել է «կողմ» կոճակին:

«Ես անձամբ մոտեցել եմ Նապոլեոն Ազիզյանին, ասել եմ, որ Ազիզյան՝ մոտեցի պռատակոլին, մոտեցի Թաթուլին, ասա, որ պատահականություն է եղել, դու չես ցանկացել քվեարկել: Ինքը լսեց իմ ասածը, ընդունեց: Եթե ինքը ասեր՝ չեմ գնում, կամ լավ եմ արել՝ ես կարող էի դիտարկել, որ՝ ո՞նց հասկանանք․․․», - մեկնաբանեց Բագրատյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե Ազիզյանն ասել է, որ մատը պատահաբար է կպել, Բագրատյանն արձագանքեց․ - «Հա, ինքը նույնը ինձ ասաց: Ասաց՝ ես քվեարկեցի, որ պահի տակ Պետրոսյան Գևորգն ասում էր՝ կողմ ենք, ասում է՝ ես էդ մտքով ինձ մոտ տպավորություն էր եղել, որ պիտի կողմ լինենք»:

Մամուլը գրեց նաև, թե խնդրին անգամ միջամտել է խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը․ պատգամավորները գնացել են նրա մոտ և քննարկել ծեծկռտուքի հարցը: Խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հաստատեց՝ հարցը Ծառուկյանի հետ քննարկվել է․ - «Էսօր խմբակցությունից՝ քարտուղար, հանձնաժողովի նախագահ Մելքումյանը․․․ բարձրացել են Ծառուկյանի մոտ: Ես զանգեցի, ասացին, որ ըտենց առանձնապես բան չի եղել, հարցրել է Ծառուկյանը՝ ի՞նչ վեճ է՝ մամուլից իմանալով: Մերոնք ասել են իրականությունը, որ ծեծկռտուք չի եղել, հերքել են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG