Մատչելիության հղումներ

«Կողմ չեմ քվեարկել, մատս է կպել». Նապոլեոն Ազիզյան


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյան, արխիվ

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում է՝ կողմ չի քվեարկել «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, պարզապես «մատն է կպնել»:

«Ես չէի քվեարկել, ձեռքս կպել ա ուղղակի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազիզյանը։

Ճշտող հարցին, թե ինչպե՞ս է կպել՝ պատահակա՞ն, Ազիզյանը պատասխանեց. - «Լուռ՝ ծիծաղելով, ո՞նց կպավ, կպավ էլի»։

Ազիզյանի մատը, սակայն, խառնեց ամբողջ խորհրդարանը. նշենք, որ իբրև սահմանադրական օրենք, «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունելու համար անհրաժեշտ էր, որ կողմ քվեարկեր պատգամավորների 3/5-րդը, տվյալ դեպքում՝ 63 պատգամավոր:

Մինչև քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ծառուկյան» խմբակցության ընդդիմադիր գործընկերներին հորդորեց ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը, որպեսզի օրինագիծը չընդունվի:

Քվեարկությունից հետո ցուցատախտակի վրա արձանագրվեց 61 պատգամավորի քվեարկություն, սակայն խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց՝ հանրապետականներ Ռուստամ Մախմուդյանը կողմ է քվեարկել, սակայն կոճակը չի աշխատել, իսկ Արփինե Հովհաննիսյանն էլ թեև բացակայում է, բայց նախապես տեղեկացրել է կողմ լինելու մասին, հետևաբար անհրաժեշտ 63 թիվն ապահովված է: Սակայն «Ելք»-ի պատգամավորները պնդում էին՝ այդքան ձայն չի ապահովվել, «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանն ու Արարատ Միրզոյանը պահանջեցին վերաքվեարկություն։

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

«Որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, քվեարկությունն ուղղակի կրկնեք, տաբլոն ցույց է տալիս, որ որոշումը չի ընդունվել», - ասաց Փաշինյանը։

Միրզոյանն իր հերթին հավելեց. - «Խնդիրը Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունն է, որը կողմ է քվեարկել, բայց հայտարարել է, որ կողմ չէր քվեարկում՝ հայտարարեց հինգ անգամ, և սա ակնհայտ ապօրինություն է, չի կարելի սենց բան անել, կրկնե՛ք քվեարկությունը»։

Արարատ Միրզոյան, արխիվ
Արարատ Միրզոյան, արխիվ

Արտակ Զեյնալյանը և՛ս պահանջեց օրենքը նորից դնել քվեարկության։ «Մենք պահանջում ենք, որպեսզի կրկնվի քվեարկությունը, որովհետև Նապոլեոն Ազիզյանը չի քվեարկել, բացի դրանից Արփինե Հովհաննիսյանը Հայաստան չի եկել, ծրարների վրա ոչ մի կնիք չկա փոստային, ես պահանջում եմ այս օրենքը նորից դնել քվեարկության»։

Արտակ Զեյնալյան, արխիվ
Արտակ Զեյնալյան, արխիվ

Արա Բաբլոյանը մերժեց առաջարկը. - «Ես խնդրում եմ հասարակությանը չխեղաթյուրել, այս պահին որևիցե մեկը չի հայտարարել, որ ինքը սխալմամբ կողմ է քվեարկել, և, այդ առումով, որոշումն ընդունվել է»։

Արա Բաբլոյան, արխիվ
Արա Բաբլոյան, արխիվ

Ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, ապա լքեցին նիստերի դահլիճը։

«Ուրեմն բոլորիս աչքի առաջ ակնհայտ կեղծիքով խորհրդարանական մեծամասնությունը սղցրեց սահմանադրական կոչվող օրենքը, ինչը ցույց է տալիս, որ այս ամբողջ կենացները՝ խորհրդարանական երկիր անցնելու մասին, բարեփոխումների մասին, փոքրամասնությանը հնարավորություն տալու մասին, դրանք ընդամենը հերթական կեղծիքն են, հերթական կոմեդիան են։ Այս պահին մենք դուրս ենք գալիս, որպեսզի այս կոմեդիա-քվեարկությանը չմասնակցենք», - հայտարարեց Փաշինյանը։

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց՝ նշելով, որ Նապոլեոն Ազիզյանը չի հայտարարել, որ ինքը սխալ է քվեարկել. - «Վե՛րջ, 63 կողմ, պարո՛ն Բաբլոյան, շարունակե՛ք աշխատել, գնում են, բարի ճանապարհ»։

Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Թե ինչո՞ւ Նապոլեոն Ազիզյանը տեղում չէր հայտարարել, որ պատահաբար ձեռքը կպել է կողմ կոճակին, «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ այդ պահին դահլիճից դուրս է եկել և գնացել քարտուղարություն, մինչև հետ է եկել, «բանը բանից անցել է»:

«Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ էլ «Ելք»-ի խաղալիքն եմ, ես ոնց ուզենամ քվեարկեմ, տենց էլ կարտահայտեմ, տենց էլ Ձեզ կասեմ, բայց քվեարկությունից հետո, որ էդ աժիոտաժը տեսա, գնացի քարտուղարություն, ասեցի՝ «խնդում եմ, ես չեմ բան արել», ասեց՝ «գնացեք հայտարարություն արեք»։ Մինչև հետ եկա էդ հայտարարություն անելու, էն որ ասում ա՝ բանը բանից անցավ։ Հիմա էլ դարձրել են եսիմ ինչ, ի՞նչ է եղել», - ասաց Ազիզյանը։

Դիտարկմանը, թե իր շնորհիվ նախագիծն անցավ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն այսպես արձագանքեց. - «Չէ, մինչև էդ «Ծառուկյան» դաշինքը որոշել էր կողմ քվեարկել, ընդեղից «Ելք» դաշինքը՝ շատ ուժեղ մարդիկ են, ազդեցին վրեները, միանգամից որոշումները փոխեցին։ Ինտրիգներ մի սարքեք, այ ձեր ցավը տանեմ», - ասաց Ազիզյանը՝ շարունակելով. - «Ասում եմ՝ մատս կպել ա։ Ասել եմ՝ եթե մերոնք՝ մեր ֆրակցիան դեմ ա, ուրեմն պարզ ա, որ մատս կպել ա, որովհետև ես էդ ֆրանկցիայի անդամ եմ»։

Դիտարկմանը, որ եթե իր մատը չկպներ, օրենքն առաջին ընթերցմամբ չէր անցնի, ՀՀԿ-ն կտապալեր քվեարկությունը, պատգամավորն այսպես արձագանքեց. - «Ինչը կտապալեր, հինգ րոպեից հետո կդնեին, կանցներ, դե լավ էլի, տենց միամիտ բաներ մի խոսեք էլի, ընդամենը հինգ րոպեի տարբերություն էր, ստեղ շահեց մի մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, էն էլ չստացվեց, երևի, իրանց թիմը, մենք ֆրակցիայով որոշած ենք եղել, որ կողմ ենք քվեարկելու»։

Սակայն « Ծառուկյան» խմբակցության պատգամավորի քարտուղարություն ներկայացրած բացատրությունը, ըստ իշխող ուժի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, որևէ բան փոխել չի կարող, քանի որ «Ծառուկյան» խմբակցությունից, որևէ մեկը չի հայտարարել, որ շփոթմունք է եղել և պետք է վերաքվեարկություն լինի։

«Կա կանոնակարգ օրենք, մեռնեմ օրենքին, դահլիճում, ես, որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, փաստում եմ՝ «Ծառուկյան» դաշինքից և անձամբ Նապոլեոն Ազիզյանից որևէ բողոք, որևէ առաջարկ, որևէ պահանջ, որևէ առարկություն չի եղել, որ իրենք վարման կարգի վերաբերյալ ուզում են խոսել, հետևաբար այս քվեարկությունը 63 ձայնով օրինական է, մնացածը ով դհոլ կխփի, ով ստեպ կխփի դահլիճում, իրենց պրոբլեմն է», - ասաց Շարմազանովը։

Հավելենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ կապված ընդդիմադիր պատգամավորները մի շարք մտահոգություններ ունեն, մասնավորապես՝ «Ելք»-ը դեմ քվեարկեց օրինագծին, այն պատճառով, որ փոփոխված դատական օրենսգիրքը թույլ է տալու տուգանել փաստաբաններին, ընդ որում մինչև 100 հազար դրամի չափով:

Ըստ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի սա ուղղակի ճնշում է փաստաբանական և իրավապաշտպան գործունեության նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG