Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի գեներալը՝ 2014-ի հունիսին կործանված «Բոինգ»-ի գործով հիմնական կասկածյալներից


Գեներալ-գնդապետ Նիկոլայ Տկաչևը

Ռուսաստանցի գեներալը 2014 թվականի հունիսին կործանված «Բոինգ»-ի գործով հիմնական կասկածյալներից է: Bellingcat միջազգային խումբն ու The Insider պարբերականը համատեղ հետաքննություն են անցկացրել և պարզել, որ «Բոինգ»-ի կործանման հետ կապ ունի Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանի գեներալ-գնդապետ Նիկոլայ Տկաչևը։

Հետաքննության համաձայն՝ հենց Տկաչևն է հայտնի «Դելֆինը», ում զրույցը «Օրիոնի» հետ հրապարակել էր Նիդերլանդների ղեկավարությամբ ստեղծված միջազգային քննչական խումբը։ Բացի «Դելֆինից», զրույցում բազմիցս հնչում է այդ մարդու անուն-հայրանունը՝ «Նիկոլայ Ֆյոդորովիչ», ինչը համընկնում է Տկաչևի անվանը և հայրանվանը։

Բացի այդ, The Insider-ը Սուվորովի անվան ուսումնարանի մասին հարցազրույցի պատրվակով ձայնագրել է գեներալ Տկաչևին։ Միջազգային մասնագետները պարզել են, որ ավելի վաղ հրապարակված զրույցում և պարբերականի վերցրած հարցազրույցում հնչող ձայնը մի մարդու է պատկանում՝ գեներալ Տկաչևին։

Տկաչևը զինվորական ծառայությունը թողել է 2010-ին, իսկ մինչ այդ մասնակցել է չեչենական երկու պատերազմներին, հետո էլ դարձել է Կենտրոնական ռազմական շրջանի գլխավոր փորձագետը: 2017-ից նա ղեկավարում է Եկատերինբուրգի Սուվորովի անվան ուսումնարանը։

Ավելի վաղ Դոնեցկի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Իգոր Ստրելկովը նույնպես ասել էր, թե «Դելֆինը» գեներալի կոչում ունի։

Ինքը Տկաչևը The Insider-ին ասել է, թե 2012-ից մշտապես բնակվում է Եկատերինբուրգում և այնտեղից չի հեռացել, հետևաբար՝ 2014-ին էլ չէր կարող լինել Ուկրաինայում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը բազմիցս հերքել է իր զինվորականների մասնակցությունը Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող ռազմական գործողություններին։ Սակայն անցած տարի դեկտեմբերին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Դոնբասում պատերազմում են զինվորական ծառայությունը թողած ռուսաստանցիներ, որոնք այնտեղ են մեկնել «ինքնակամ»։

2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասում Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող օդանավի կործանման հետևանքով, հիշեցնենք, զոհվեց 298 մարդ, որոնցից 195-ը՝ Նիդերլանդների քաղաքացիներ:

Միջազգային քննչական խմբի կողմից իրականացվող քրեական հետաքննությունը եկել է այն եզրակացության, որ օդանավը խոցվել է «Բուկ» տեսակի զենիթահրթիռային համալիրից: Քննչական խմբի վարկածի համաձայն՝ զենքը ներկրված է Ռուսաստանից: Հրթիռը արձակվել է Ուկրաինայի արևելքի անջատականների կողմից վերահսկվող տարածքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG