Մատչելիության հղումներ

Միջազգային քննչական խումբ․ 2014-ին «Բոինգ»-ը Ուկրաինայի արևելքում խոցել են Ռուսաստանից բերված «Բուկ»-ից


Նիդերլանդներ - Միջազգային քննչական խումբը հրապարակում է իր իրականացրած քննության նախնական արդյունքները, Նիուվեգեն, 28-ը սեպտեմբերի, 2016թ․
Նիդերլանդներ - Միջազգային քննչական խումբը հրապարակում է իր իրականացրած քննության նախնական արդյունքները, Նիուվեգեն, 28-ը սեպտեմբերի, 2016թ․

Մոսկվան միջազգային խմբի զեկույցը որակում է «քաղաքական և միակողմանի»:

Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի «Բոինգ»-ի կործանման հարցով միջազգային քննչական խումբը հոլանդական Նիուվեգեն քաղաքում այսօր աղետի հետևանքով զոհվածների հարազատներին է ներկայացրել իր զեկույցի երկրորդ մասը, որում ասված է, որ օդանավը խոցել են Ռուսաստանից բերված «Բուկ» տիպի հրթիռային համալիրից, որն այնուհետ նորից տարել են Ռուսաստան: Այդ մասին հայտարարել է Հոլանդիայի գլխավոր դատախազ Ֆրեդ Վեստերբերկը:

Միջազգային քննչական խումբը նաև նշում է, որ հրթիռն արձակվել է ուկրաինական Սնեժնոյե գյուղից ութ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պերվոմայսկոյե գյուղի մոտակայքից:

Հետաքննությունն անցկացնող միջազգային խումբը, սակայն, առայժմ պաշտոնական մեղադրանք Ռուսաստանին չի ներկայացրել․ քննիչները որոշել են աշխատանքը շարունակել մինչև 2018 թվականը՝ պարզելու, թե ով է պատասխանատու այս հանցագործության համար, և արդյոք «Բուկ»-ի անձնակազմը ինքնուրո՞ւյն է գործել, թե՞ օդանավը կործանելու հրաման է ստացել։

Մոտ մեկ տարի առաջ՝ 2015 թվականի հոկտեմբերին Նիդերլանդների անվտանգության խորհուրդը հրապարակել էր միջազգային խմբի տեխնիկական փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ հրթիռը «Բուկ» տիպի 9m38 սերիայի հրթիռ էր։

Սրա հետ մեկտեղ, հիշեցնենք, ռուսական «Ալմազ Անտեյ» կոնցեռնը, որը զբաղվում է նման հրթիռների արտադրությամբ, սեփական հետաքննության արդյունքներն էր հրապարակել, որոնց համաձայն՝ «Բոինգ-777» օդանավը կործանել էր ուկրաինական զորքերի վերահսկողության տակ գտնվող Զարոշչինսկոյե ավանում տեղակայված «Բուկ»-ը։ Միջազգային խումբը սա այսօր հերքել է, հայտարարելով, որ այս պնդման որևէ ապացույց չի գտել։

Ռուսաստանն էլ, իր հերթին, հերքում է, թե որևէ կապ ունի «Բոինգ»-ի կործանման հետ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «Բոինգ»-ի աղետի հարցով միջազգային խմբի զեկույցը քաղաքական է և միակողմանի:

Այսօր Ռուսաստան նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել միջազգային խմբին ուսումնասիրել և եզրակացության մեջ հաշվի առնել երկու օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տրամադրած տվյալները։ Պեսկովը պնդել է, որ ռուսաստանցի զինվորականներն ունեն տեխնիկական անհերքելի ապացույցներ, որ անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքում օդանավի կործանման օրը որևէ օդային օբյեկտ չի արձանագրվել:

Աղետը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 17-ին։ «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավը թռիչք էր կատարում Ամստերդամից Կուալա Լումպուր։ Օդանավի խոցման հետևանքով զոհվել է 298 մարդ՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմը։

2015-ի հուլիսին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վետո էր դրել այս հարցով միջազգային տրիբունալ ստեղծելու որոշման վրա:

«Ես գիտեմ, որ Եվրոպական դատարանը զբաղվելու է այս գործով, հուսով եմ՝ կառավարությունները հասկանում են, որ անհրաժեշտ է, որպեսզի որևէ դատարան զբաղվի այս հարցով», - այսօր հայտարարել է համացանցի բաց աղբյուրների հիման վրա անկախ հետաքննություն անցկացնող «Բելինգքաթ» հետազոտական խմբի հիմնադիր Էլիոթ Հիգինսը:

Միջազգային քննչական խմբի եզրակացությանը արդեն արձագանքել է Գերմանիայի արտգործնախարարությունը, որի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է՝ ներկայացված տվյալները թույլ են տալիս մոտենալ վերջնական արդյունքներին, սակայն պատասխանատուներին գտնելու համար հետաքննությունը պետք է ավարտին հասցնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG