Մատչելիության հղումներ

«Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավը կործանվել է «հրթիռի հարվածի արդյունքում»


Ուկրաինա - Կործանված Boeing 777-ի բեկորները, Դոնեցկի մարզ, 17-ը հուլիսի, 2014թ․
Ուկրաինա - Կործանված Boeing 777-ի բեկորները, Դոնեցկի մարզ, 17-ը հուլիսի, 2014թ․

Ուկրաինայի հակամարտության կողմերը կատարվածի համար մեղադրում են միմյանց:

Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները հաստատել են, որ «Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող Boeing 777 օդանավը կործանվել է «երկիր - երկինք» հրթիռի հարվածի արդյունքում, սակայն դեռ պարզ չէ, թե որտեղից են այդ հրթիռը արձակել:

Ռուսաստանը և Դոնեցկի գրոհայինները կատարվածի մեջ մեղադրում են Ուկրաինային, ուկրաինական կողմը մեղադրում է անջատողականներին:

Ռուսական կողմի տարածած վարկածներից մեկի համաձայն էլ՝ ուկրաինական ուժերի թիրախը կարող էր լինել Ռուսաստանի նախագահի օդանավը, որը մոտավորապես այդ ժամերին վերադառնում էր Ռուսաստան:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը կոչ է արել ՆԱՏՕ-ին ուժեր մտցնել Ուկրաինայի հարավ-արևելք:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավի կործանման պատասխանատու է համարում Ուկրաինային:

Կրեմլի պաշտոնական կայքէջում տեղադրված է Պուտինի հայտարարությունը, որտեղ նա ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և զոհվածների երկրների կառավարություններին: Հայտարարությունում նաև նշված է, որ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե Ուկրաինայի հարավ-արևելքում չվերսկսվեին ռազմական գործողությունները, և անկասկած է, որ այն պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել այդ ողբերգությունը, կրում է պատասխանատվություն:

Իր հերթին, հայտարարությամբ հանդես է եկել նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, ով կատարվածը որակել է ահաբեկչություն: «Այսօր ահաբեկիչները մեկ հարվածով 300 մարդ են սպանել, այդ թվում՝ կանանց և երեխաների: Այսօրվա ողբերգությունը վկայում է, որ ահաբեկչությունը ոչ թե տեղական խնդիր է, այլ՝ գլոբալ, սա եվրոպական և նաև գլոբալ անվտանգության սպառնալիք է», - ասել է Պորոշենկոն:

«Մալազիական ավիաուղիներ»-ը հրապարակել է զոհված ուղևորների ցուցակը, որում Նիդերլանդների 154 քաղաքացիներ են, 27 ավստրալացի, Մալազիայի 23 քաղաքացի, Ինդոնեզիայի 11 քաղաքացի, 6 բրիտանացի, 4 գերմանացի, 4 բելգիացի, 3 ֆիլիպինցի և 1 կանադացի: Ամերիկացիներ այս ցուցակում չկան:

Այս պահին պարզ չէ «սև արկղի» ճակատագիրը: Այս տարածքը վերահսկող Դոնեցկի անջատողականները հայտարարել են, որ արկղը կուղարկեն Մոսկվա:

Այսօր առավոտյան BBC-ն հաղորդեց, որ փրկարարները գտել են կործանված օդանավի նաև երկրորդ «սև արկղը»:

Երեկ երեկոյան աղետի մասին առաջին իսկ տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո Վլադիմիր Պուտինը զանգահարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային:

Ուկրաինական հատուկ ծառայությունները մի ձայնագրություն են տարածել, որտեղ Դոնեցկի գրոհայինները խոսում են այն մասին, որ հենց նոր օդանավ են կործանել, և պարզվել է՝ այն քաղաքացիական ինքնաթիռ է: Թե ինչքանով է այս ձայնագրությունը համապատասխանում իրականությանը՝ դեռ պարզ չէ:

Հիշեցնենք՝ ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան ռուս - ուկրաինական սահմանին: Վթարի է ենթարկվել «Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող մարդատար ինքնաթիռը: Վթարը տեղի է ունեցել Դոնեցկի շրջանում, որտեղ ներկայումս թեժ մարտեր են ընթանում: Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող օդանավում, ճշտված տվյալներով, եղել է 283 ուղևոր, ևս 15-ը՝ սպասարկող անձնակազմի անդամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG