Մատչելիության հղումներ

Շարմազանով․ «Անհեթեթ, տգետ գնահատականներ են, որոնք չեն բխում մեր ժողովուրդների հարաբերություններից»


ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

«Անհեթեթ, տգետ գնահատականներ» անվանեց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը այս օրերին ռուսաստանյան հեռուստաընկերությունների հաղորդումներում հնչող բացասական մեկնաբանությունները՝ կապված Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հետ:

«Անհեթեթ, տգետ գնահատականներ են, որոնք չեն բխում մեր ժողովուրդների բարեկամական դաշնակցային հարաբերություններից: Եվ ես չեմ կարծում, որ ճիշտ է, որպեսզի իմ պետության Ազգային ժողովի նախագահի տեղակալը կամ իմ պետության որևէ պաշտոնյա ինչ-որ անհայտ ծագում ունեցող քաղաքագետների կամ քաղաքական գործիչների մեկնաբանություններ տա», - չորեքշաբթի երեկոյան ճեպազրույցում «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Շարմազանովը:

«Կա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ Ռուսաստանի Դաշնության հարգարժան դեսպան Իվան Վոլինկինը շատ հստակ, հավասարակշռված գնահատական է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագրին՝ նշելով, որ սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որոշումն է: Ավելին, մինչ այդ տիկին Զախարովան, որը արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն է, նշել է, մեջբերում եմ, որ «հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որոշմանը»: Ինչի՞ մասին է խոսքը», - ընդգծեց Հանրապետականի խոսնակը:

«Ես պետական այր եմ, ես իշխող կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ եմ և այստեղ տալիս եմ իշխող կուսակցության կարծիքը, ես մեկնաբանում եմ պաշտոնականը: Հիմա, էնտեղ անհայտ ծագման եսիմ ով ինչ է ասել, Հայաստանում էլ են շատերը շատ բան ասում, ես պետք է նստեմ մեկնաբանե՞մ: Էդ իմաստով, եթե կլինեն պետական կամ քաղաքական կոնկրետ շրջանակների գնահատականներ, ես կասեմ: Իսկ նման տգետ, հիմար գնահատականները մեկնաբանելու ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ կարիք կա մենք մեր ժամանակը ծախսենք նման ապուշությունների վրա», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG