Մատչելիության հղումներ

ԵՄ - Հայաստան համաձայնագիրը լայնորեն քննարկվում է ռուսաստանյան մամուլում


Ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերությունները և տպագիր մամուլը ակտիվորեն լուսաբանում են Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը:

НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» ծրագրի երեկվա թողարկմանը ռուսաստանցի մեկնաբաններն ու քաղաքագետները հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում Հայաստանը համեմատել են սիրած կնոջ հետ, որը որոշել է սիրավեպ սկսել մեկ ուրիշ տղամարդու հետ: Ընդ որում, այս համեմատությունն այնքան էր դուր եկել մեկնաբաններին, որ տասը րոպե կատակում էին դրա շուրջ՝ մոտավորապես այսպես․ - «Հայաստանը դուք համեմատում եք կնոջ հետ, իսկ Ռուսաստանը ամուսինն է, որն ամբողջությամբ իր վրա է վերցրել կնոջ ծախսերը: Կինն այնքան էլ գոհ չէ և որոշել է մեկ այլ տղամարդու հետ սիրավեպ սկսել»:

Հետաքրքիր է նաև, որ ռուսաստանցի մեկնաբանները ծրագրի ընթացքում որոշ տվյալներ են ներկայացրել Հայաստանի մասին, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ճշգրիտ չեն: Օրինակ, նրանք ասել են, որ Ռուսաստանում մեկ միլիոնից ավելի հայ է ապրում, որ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվել է երեսուներեք մարդ։

Այս հեռուստածրագրի շրջանակում տեղի ունեցած քննարկումների ընդհանուր տրամաբանությունը հետևյալն էր. Արևմուտքն իր կողմն է քաշում Ռուսաստանի բոլոր դաշնակիցներին։ «Հայաստանից հետո Բրյուսելը համաձայնագիր է կնքելու Բելառուսի հետ», - ասում էին ծրագրի հյուրերն ու մեկնաբանները։

Նույն ծրագրում քաղաքագետ Սերգեյ Մարկովը հիշատակել է Գարեգին Նժդեհին՝ վերջինիս ներկայացնելով որպես Ադոլֆ Հիտլերի աջակից:

Իսկ ռուսաստանյան Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» ծրագրում ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը հայտարարել է, որ եթե Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններից և դուրս գա ռուսաստանյան ազդեցության ոլորտից, կհայտնվի նույն իրավիճակում, ինչպես տարիներ առաջ, և ընտրություն պետք է կատարի թուրքերի և պարսիկների միջև․ - «Երկու ազգերն էլ կոտորում են հայերին: Իրանը՝ մի քիչ քիչ: Եթե Հայաստանը ուզում է գոյատևել, ապա պետք է մնա ռուսաստանյան ազդեցության ոլորտում»:

Հետաքրքիր է նաև, որ նույնիսկ Գյումրիի ռուսաստանյան ռազմական բազայի մասին պատմող տեսահոլովակներում Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերությունները օգտագործում են «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութերը։

Ռուսաստանյան մամուլը նույնպես վերլուծում է Արևելյան գործընկերութան գագաթնաժողովը: «Ռոսբալտի» վերլուծաբանի կարծիքով, օրինակ, Հայաստանը հայտնվել է Եվրոպայի «աղքատ բարեկամի» կարգավիճակում և տանուլ է տալու: Թեև հեղինակը չի գրում, թե հատկապես ինչու է տանուլ տալու։

«Գազետա» էլեկտրոնային պարբերականը գրում է, որ Հայաստանը Եվրամիության ֆինանսական աջակցության կարիքն ունի, քանի որ երկրի պետական պարտքը հասել է վեց միլիարդ դոլարի, իսկ եկող տարի կազմելու է շուրջ յոթ միլիարդ դոլար, ինչը ՀՆԱ-ի շուրջ վաթսուն տոկոսն է։ Թերթի վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի համար չափազանց կարևոր է պահպանել Մոսկվայի անվտանգության երաշխիքը և Արևմուտքից ստանալ նոր ֆինանսական աջակցություն, նոր վարկեր:

Իսկ «Ռոսիյսկայա գազետան» գրում է, թե Բրյուսել մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը ստացել է Մոսկվայի համաձայնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG