Մատչելիության հղումներ

Այսօր կհանդիպեն Գերմանիայի երկու առաջատար քաղաքական ուժերի առաջնորդները


Գերմանիա - Անգելա Մերկելի և Մարտին Շուլցի նախընտրական հեռուստաբանավեճը, 3-ը սեպտեմբերի, 2017թ․

Այսօր Բեռլինում կհանդիպեն Գերմանիայի երկու առաջատար քաղաքական ուժերի` իշխող քրիստոնյա-դեմոկրատների և ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդները:

Ենթադրվում է, որ գործող դաշնային կանցլեր Անգելա Մերկելի և սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցի հանդիպումը կնպաստի սեպտեմբերին կայացած Բունդեսթագի ընտրություններից հետո ծագած ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանը:

Հիշեցնենք, որ իրադրությունը Գերմանիայի քաղաքական դաշտում լարվեց մոտ երկու շաբաթ առաջ, երբ տապալվեցին քրիստոնյա-դեմոկրատների, կանաչների և Ազատ դեմոկրատների կուսակցության միջև ընթացող կոալիցիոն բանակցությունները: Սեպտեմբերյան ընտրություններում ավելի քան 10 տոկոս հավաքած ազատ դեմոկրատների առաջնորդ Քրիստիան Լինդները լքեց կոալիցիոն բանակցությունները` պնդելով, որ քրիստոնյա-դեմոկրատները դրանց ընթացքում անընդունելի պահանջներ են ներկայացնում: «Գոյություն ունի փոխզիջումների որոշակի սահման, որը հատել մենք չենք կարող», - հայտարարում էր Լինդները:

Բունդեսթագում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող սոցիալ-դեմոկրատները նախապես հրաժարվում էին մասնակցել կոալիցիոն բանակցություններին` հայտարարելով, որ այսպես կոչված «Մեծ կոալիցիայի» վերարտադրությունը չի բխում կուսակցության շահերից: Միայն Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի միջամտությունից հետո Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը համաձայնեց հանդիպել Անգելա Մերկելի հետ:

Անդրադառնալով այսօր մեկնարկող բանակցություններին` Շուլցը չորեքշաբթի օրը Բեռլինում կայացած բիզնես համաժողովի ընթացքում հայտարարում էր․ - «Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում ես չեմ կարող ասել, թե ինչպես է ավարտվելու [Մերկելի հետ] այդ հանդիպումը: Միայն մի բան կարող եմ ձեզ վստահեցնել` ես կպայքարեմ այս երկրին անհրաժեշտ ամենաբարենպաստ լուծմանը հասնելու համար: Իմ ղեկավարած կուսակցությունը պատասխանատվություն է կրում Գերմանիայի համար»:

Եթե այսօրվա բանակցությունների ընթացքում կողմերը չկարողանան ընդհանուր հայտարարի գալ, ապա իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով՝ կամ 2018-ի սկզբին Բունդեսթագի նոր ընտրություններ կնշանակվեն, կամ էլ նախագահ Շտայնմայերը խոշորագույն խմբակցություն ունեցող քաղաքական ուժի` քրիստոնյա-դեմոկրատների ղեկավար Անգելա Մերկելին կհանձնարարի «փոքրամասնության կառավարություն» ձևավորել:

Մերկելը, սակայն, արդեն իսկ հայտարարել է, որ փոքրամասնության անկայուն կառավարության ձևավորումը իր համար անընդունելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG