Մատչելիության հղումներ

Մերկել. Գերմանիայում նոր կառավարության շուտափույթ ձևավորումը անհրաժեշտ է ողջ Եվրոպային


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոալիցիոն բանակցությունների տապալումից հետո, Բեռլին 19-ը նոյեմբերի, 2017թ․

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը այսօր հայտարարել է, որ երկրում նոր կառավարության շուտափույթ ձևավորումը իր հիմնական նպատակն է: «Եվրոպային ուժեղ դիրքերից հանդես եկող Գերմանիա է անհրաժեշտ, ուստի մենք պետք է արագորեն նոր կառավարություն ձևավորենք», - ասել է նա:

Իշխող քրիստոնյա-դեմոկրատների, ազատ դեմոկրատների և կանաչների միջև կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները տապալվեցին անցած կիրակի: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ազատ դեմոկրատների առաջնորդ Քրիստիան Լինդները քննադատության ենթարկեց բանակցությունների ընթացքում Մերկելի որդեգրած դիրքորոշումը:

Հաջորդ հինգշաբթի` նոյեմբերի 30-ին, Անգելա Մերկելը բանակցություններ կանցկացնի Բունդեսթագում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի` Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարների հետ:

Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո հայտարարում էր, որ իր ղեկավարած կուսակցությունը Մերկելի կողմից ձևավորվող նոր կառավարությանը մաս չի կազմելու և հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, սակայն, հորդորել էր սոցիալ-դեմոկրատներին ներքաղաքական ճգնաժամից և արտահերթ ընտրություններից խուսափելու նպատակով վերանայել այս դիրքորոշումը` բանակցություններ սկսելով իշխող դաշինքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG