Մատչելիության հղումներ

Գերմանիայում մեկնարկում են կոալիցիոն բանակցությունները


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Մի քանի ժամից Բեռլինում` Գերմանիայի իշխող կուսակցության` Քրիստոնեա-դեմոկրատական միության կենտրոնական գրասենյակում կմեկնարկեն վերջին մի քանի տասնամյակների թերևս ամենադժվարին ու լարված կոալիցիոն բանակցությունները:

Սեպտեմբերի 24-ին կայացած Բունդեսթագի ընտրություններում տարած հարաբերական հաղթանակից և ավելի քան 60 պատգամավորական մանդատների կորստից հետո Անգելա Մերկելի կուսակցությունը ստիպված է բանակցություններ վարել եռակողմ կոալիցիա ձևավորելու շուրջ:

Իրավիճակն է՛լ ավելի բարդացավ կիրակի օրը Ներքին Սաքսոնիա երկրամասում կայացած տեղական ընտրություններում քրիստոնյա-դեմոկրատների կրած անսպասելի պարտությունից հետո:

«Քրիստոնյա-դեմոկրատներն ու պահպանողականներն այս բանակցությունները սկսում են որպես երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժ: Չեմ կարծում, որ Ներքին Սաքսոնիայում կայացած ընտրությունների արդյունքները թուլացնում են մեզ: Մենք այնտեղ չհասանք մեր առջև դրած նպատակին, բայց ամեն դեպքում մի մոռացեք` մեր կուսակցությունը հաղթել է համապետական ընտրություններում», - երկուշաբթի օրը հայտարարում էր Մերկելը:

Այսօր կեսօրին Մերկելը կհանդիպի սեպտեմբերի 24-ի ընտրություններում ավելի քան 10 տոկոս ստացած «Ազատ դեմոկրատների» ղեկավարության հետ: Օրվա երկրորդ կեսին էլ կայանալու է դաշնային կանցլերի հանդիպումը «Կանաչների» ղեկավարության հետ:

Այդ կուսակցությունը, հիշեցնենք, սեպտեմբերյան ընտրություններում ստացել էր քվեների ավելի քան 8 տոկոսը:

Երկու օրից էլ` հոկտեմբերի 20-ին քաղաքական այս ուժերը եռակողմ հանդիպում կանցկացնեն` փորձելով հաղթահարել առկա տարաձայնությունները: Խոսքը նախևառաջ ներգաղթի ծավալների սահմանափակման մասին է` մի նախաձեռնություն, որին դեմ են թե՛ կանաչները, թե՛ ազատ դեմոկրատները: Այս հարցում, սակայն, Մերկելը զիջումների գնալու որևէ հնարավորություն չունի, քանի որ արդեն իսկ համաձայնության է եկել իր կուսակցության կրտսեր գործընկերոջ` Բավարիայում իշխող Քրիստոնեա-սոցիալական միության հետ:

Մի քանի շաբաթ առաջ ձեռք բերված այդ պայմանավորվածության համաձայն, նոր ձևավորվելիք կառավարության գործունեության ընթացքում սահմանվելու է Գերմանիա մուտք գործող ներգաղթյալների տարեկան քվոտա, որը չի գերազանցելու 200 հազարը:

Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավարները, սակայն, ակնարկում են, որ երկու ուժերի միջև ոչ բոլոր տարաձայնություններն են հաղթահարվել:

«Մեր գործունեությունն առաջիկա օրերին միայն Բեռլինի բանակցություններով չպետք է սահմանափակվի։ Մենք պետք է աշխատենք՝ քրիստոնյա-դեմոկրատների և Քրիստոնեա-սոցիալական միության միջև առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Կոալիցիոն բանակցությունների առաջին փուլին զուգահեռ այդ երկու քաղաքական ուժերը պետք է ընդհանուր եզրեր գտնեն», - հայտարարում էր Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ, Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG