Ցուցարարները հանաձայնեցին հինգ հոգով հանդիպել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Մի քանի րոպեից վարչապետը կընդունի նրանց։
Նշենք, որ սկզբում ցուցարարները մերժեցին հինգ հոգով վարչապետի հետ հանդիպման գնալու՝ Կարեն Կարապետյանի առաջարկը, պատճառաբանելով, որ ցանկանում են քննարկմանը որևէ լրատվամիջոցի ներկայություն։
Դասադուլավորները նշեցին, որ իրենց խոսքն ու վարչապետի պատասխանը պետք է լսելի լինեն նաև զինծառայության մասին օրինագծին դեմ արտահայտվող 400 ցուցարարներին։
«Հանդիպման առաջարկը բավարարվել է, եթե դրանից հետո դուք ունենում եք լրացուցիչ պահանջներ, ինձ համար անհասկանալի է և տարակուսելի է՝ ինչո՞ւ համար», - ասաց վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը։
Կոնսենսուսի տարբերակով ցուցարարներին առաջարկվեց, որ քննարկումները նկարահանվեն կառավարության լրատվական ծառայության կողմից, այնուհետև տեսանյութը տրամադրվի թե՛ լրատվամիջոցներին, թե՛ ցուցարարներին։ Հանդիպման այս ձևաչափին ցուցարարները համաձայնեցին։
Նշենք, որ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրինագծի չեղարկման համար արդեն երրորդ օրը դասադուլ անցկացնող ուսանողներն այսօր բուհերով շրջելուց հետո ուղևորվեցին կառավարության շենք՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։