Մատչելիության հղումներ

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրինագծի չեղարկման համար դասադուլ հայտարարած ուսանողները շարունակում են իրենց բողոքի ակցիան։

Դասադուլավորները շրջում են բուհերով՝ պարզելու՝ ուսանողները մասնակցո՞ւմ են դասապրոցեսներին, թե՞՝ ոչ։ Նրանք նշում են, որ դասադուլի առաջին երկու օրերին բուհերի դռները փակվել էին, ինչով խոչընդոտվել էր ուսանողների միանալը իրենց, իսկ այսօր դռները բաց են, սակայն իրենց միացող ուսանողներ չկան։ Դասադուլավորները մտահոգություն ունեն, որ ուսանողներին հորդորել են դասի չգալ։

«Նոր սպիտակ շենքում էինք, որտեղ արևելագիտության, ժուռնալիստիկայի, ռոմանագերմանական, ռուս բանասիրական ֆակուլտետների ուսանողներն են դաս անում, լսարանների առնվազն կեսը դատարկ էին, անգամ լույսերը վառ չէին, կենդանության նշույլներ ու դասապրոցեսի նշույլներ չկային այնտեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից մեկը։

Նախաձեռնության մեկ այլ անդամ էլ «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Շրջեցինք կենսաբանական ֆակուլտետով՝ լսարանները հիմնականում դատարկ են։ Դասապրոցես մենք չնկատեցինք, փակ դռնով լսարան տեսանք, մենք տեսնում ենք, որ դասապրոցես չի ընթանում»։

Կենսաբանական ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը ևս փաստեց՝ դասապրոցեսը 100 տոկոսով չի ընթանում։ «Դասապրոցեսը 100 տոկոսով չէր ընթանում, երևի դասադուլն էր պատճառը, բայց ասել, որ ընդհանրապես դասապրոցես չի ընթանում, այդպես չէ», - ասաց դեկանը։ «Ազատության» հարցին, թե կո՞ղմ է տարկետման սահմանափակմանը, Գևորգյանը պատասխանեց. - «Տարկետման վերացմանը կողմ չեմ, բայց դասադուլին էլ կողմ չեմ։ Մեզ հետ էլ նաև պետք է քննարկեին այդ խնդիրը, գուցե ես էլ եմ սխալ, պետք է պարզաբանեին»։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը: Համաձայն օրինագծի, մասնավորապես, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG