Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ «Թուֆենկյան»-ի մոտ կատարված հանցագործության համար հետախուզվողները հայտնաբերվել են


Ոստիկանները դեպքի վայրում, Երևան, 14-ը սեպտեմբերի, 2017թ․
Ոստիկանները դեպքի վայրում, Երևան, 14-ը սեպտեմբերի, 2017թ․

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերվել են սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թվականին ծնված Ալբերտ Բլբուլյանը և 1984 թվականին ծնված Արմեն Կարադավիդովը:

Ըստ հաղորդագրության, այս պահին քննարկվում են նրանց Հայաստան տեղափոխելու ընթացակարգի մանրամասները:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ «սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մյուսը՝ վիրավորվել։ Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին և Ռաֆիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին»:

Սեպտեմբերի 22-ին Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզում ու բերման ենթարկվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

«Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի հետախուզման աշխատանքները շարունակվում էին ողջ ծավալով ու մեծ ընդգրկումով ու նույնպես սպասված արդյունքը տվեցին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG