Մատչելիության հղումներ

«Վերնիսաժի» սպանությունը բացահայտված է, կասկածյալները հետախուզման մեջ են․ Իրավապահներ


Փամփուշտի հետք՝ «Թուֆենկյան» հյուրանոցի պատին, 15-ը սեպտեմբերի, 2017 թ․
Փամփուշտի հետք՝ «Թուֆենկյան» հյուրանոցի պատին, 15-ը սեպտեմբերի, 2017 թ․

«Վերնիսաժի» մոտ տեղի ունեցած սպանությունը նախապես ծրագրված է եղել: Այս մասին հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն՝ հավելելով, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործի շրջանակներում երեք անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել է հետախուզում:

Երեկ «Վենիսաժի» հարևանությամբ, «Թուֆենկյան» հյուրանոցի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով մահացել է Լոռու մարզի 43-ամյա բնակիչ Գագիկ Մոսինյանը, նույն մարզի բնակիչ՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը՝ վիրավորվել է: Ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, սպանությունը բացահայտվել է, օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով:

Քննչական կոմիտեի հաղորդագրութան մեջ էլ, մասնավորապես, նշված է․ «Նախնական քննության տվյալներով՝ նշված երեք անձինք Ալավերդի քաղաքի բնակիչ Վ. Աբգարյանին և նրան ուղեկցողներին սպանելու շուրջ ձեռք են բերել նախնական համաձայնություն և տեղյակ լինելով, որ վերջիններս գտնվում են Երևան քաղաքի Հանրապետության 48 հասցեում գործող հյուրանոցային համալիրում, սեպտեմբերի 14-ին՝ ժամը 6:30-ից վարձակալած ավտոմեքենայով զինված դարանակալել են նշված հյուրանոցի դիմացի ավտոկայանատեղիում ու սպասել:

Ժամը 13:25-ի սահմաններում նկատելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցողները դուրս են գալիս հյուրանոցից՝ նշված երեք անձինք ավտոմեքենայից դուրս են եկել և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բազմաթիվ կրակոցներ արձակել հյուրանոցի մուտքի դիմաց կանգնած Վ. Աբգարյանի, Գ. Մոսինյանի և մյուսների ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Գ. Մոսինյանը տեղում մահացել է, իսկ Վ. Աբգարյանը տեղափոխվել հիվանդանոց»:

«Ազատության» տեսախցիկն այսօր արձանագրեց, որ «Թուֆենկյան» հյուրանոցի ապակեպատ դռներից մեկը վնասված է, շենքի պատերին էլ մեկ տասնյակից ավելի անցքեր կային, որոնք, ամենայն հավանականությամբ, արձակված փամփուշտների հետքերն էին, բոլորն էլ գծանշված՝ ոստիկանների կողմից:

Հյուրանոցի աշխատակազմից հրաժարվեցին տեղեկություններ հայտնել հյուրանոցի կրած վնասերի, հանցագործության պահին ներսում գտնվողների և միջադեպին առնչվող այլ հանգամանքների մասին: Հյուրանոցում գտնվող ականատեսներից մեկը, սակայն, չնկարահանվելու պայմանով, պատմեց, որ կրակոցների ժամանակ ներսում մոտ 10 մարդ է եղել, սրճարանի բազկաթոռներից մեկն էլ վնասվել է: Այսօր այդ բազկաթոռն արդեն նախասրահում չէր:

Չնայած նախօրեին հնչած կրակոցներին, «Վենիսաժի» տարածքում ասյօր մարդիկ շարունակում էին ակտիվ առևտուրը: Դեպքի վայրի անմիջական հարևանությամբ աշխատող առևտրականներից Վահանն ու Նարեկը ուշագրավ մի դիտարկում արեցին՝ «տուրիստները պառկել էին գետնին, հայերն էլ վազում էին դեպի կրակոցները»:

«Ազատության» հետ զրույցում որոշ իրավապաշտպաններ երեկվա միջադեպը կապեցին ավելի վաղ Ալավերդիում տեղի ունեցած մեկ այլ աղմկահարույց սպանության հետ: Նրանց պնդմամբ՝ տեղի ունեցածը նաև իրավապահ մարմինների ոչ արդյունավետ, ոչ գրագետ աշխատանքի հետևանքն է: Չնայած նախորդ սպանությունը բացահայտվել էր, սակայն, շատերի գնահատմամբ՝ քննությունը թերի է իրականացվել, և եթե այդ գործով պարզվեին բոլոր էական հանգամանքները, ապա իրավապահները կանխարգելիչ գործողություններ կձեռնարկեին՝ հետագա հնարավոր միջադեպերը բացառելու համար:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը համաձայն չէ այս մեղադրանքների հետ: «Ազատության» հետ հեռախոսազրույցում նա ասաց, թե մտահոգիչ են համարում վերջին շրջանում տեղի ունեցած հանցագործությունների հանրայնորեն վտանգավոր լինելու աստիճանը, նաև ընդունում են, որ իրավապահ համակարգն այս հարցում անելիք ունի, սակայն, Աբրահամյանի խոսքով՝ նման իրավիճակ կարող է ստեղծվել աշխարհի ցանկացած երկում: Դատախազի խորհրդականը նաև շեշտեց՝ նախաքննությունը ցույց կտա, թե այս հանցագործությունը որքանով է կապված նախորդ միջադեպերի հետ:

«Եթե տվյալներ ձեռք կբերվեն, որոնք կվկայեն անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցներ կիրառելու հարցում թերանալու մասին, պատասխանատու պաշտոնյաների գործունեությանը կտրվեն համապատասխան գնահատականներ»,- ասաց Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG