Մատչելիության հղումներ

Թուրքիան ԱՄՆ-ի կարիքը չունի․ Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան

Թուրքիան Միացյալ Նահանգների կարիքը չունի՝ բառացիորեն ժամեր առաջ հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը, արձագանքելով երկու երկրների միջև արդեն հինգերորդ օրը շարունակվող դիվանագիտական սկանդալին:

«Եթե Նահանգները չի ընդունում Թուրքիայի Հանրապետությունն, ինչպես որ կա, ուրեմն, մենք ձեր կարիքը չունենք: Մենք ցեղախումբ չենք, և ոչ էլ այդպիսի պետություն: Սա Թուրքիայի Հանրապետությունն է, և դուք դա պե՛տք է ընդունեք: Հակառակ դեպքում, կներեք, մենք ձեր կարիքը չունենք», - մի քանի անգամ ընդգծել է Թուրքիայի առաջնորդը:

ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների միջև դիվանագիտական ճգնաժամը սկսվեց անցած շաբաթավերջին, երբ թուրքական իշխանությունները ձերբակալեցին ամերիկյան դիվանագիտական կորպուսի աշխատակիցներից մեկին՝ Նահանգներում բնակվող հոգևորական գործիչ, անցած տարվա հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով: Ի պատասխան, Վաշինգտոնը դիմեց աննախադեպ քայլի՝ դադարեցնելով վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին, ժամեր անց համարժեք որոշում կայացրեց նաև պաշտոնական Անկարան՝ դադարեցնելով անցագրերի տրամադրումը Միացյալ Նահանգների քաղաքացիներին: «Մեր այդ որոշումը հստակ է, և մենք դրանից ետ չենք կանգնի, քանի դեռ Նահանգները չի փոխել իր դիրքորոշումը», - ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Ավելին, Էրդողանը նաև Նահանգների գործող վարչակազմին է վիրավորել, պնդելով, թե այս ճգնաժամի համար մեղավոր է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը, ով, ըստ նրա, որոշումներ է կայացնում Վաշինգտոնի փոխարեն․ - «Անընդունելի է, որ Միացյալ Նահանգները զոհում է Թուրքիայի նման ռազմավարական գործընկերոջը հանուն դեսպանի ենթադրությունների, և ինչ ամոթ է, եթե Միացյալ Նահանգների նման հզոր պետությունը ղեկավարվում է Անկարայում նստած դեսպանի կողմից, իսկ նրանք իրենց հենց այդպես են պահում»:

«Այժմ Թուրքիայի իրավապահ մարմինները որոնում են ամերիկյան դիպկորպուսի մեկ այլ աշխատակցի, ով ևս հստակ կապեր է ունեցել Գյուլենի հետ», - հայտարարել է Էրդողանը՝ պնդելով, թե ամերիկյան կողմը թաքցնում է կասկածյալին իր հյուպատոսարանում:

Այսքանով, սակայն, Վաշինգտոնի հասցեին մեղադրանքները չեն ավարտվել: «Նահանգները մեզ զենք չի վաճառում, փոխարենը՝ անվճար զինամթերք է բաժանում ահաբեկչական խմբավորումներին», - հայտարարել է Էրդողանը:

Թուրքական կողմն առաջին անգամը չէ քննադատում «Իսլամական պետության» դեմ պայքարում Սիրիայի քրդերի հետ համագործակցելու՝ Վաշինգտոնի քաղաքականությունը, պնդելով, թե սահմանին ակտիվացած քրդական խմբավորումները կարող են խնդիրներ ստեղծել երկրի տարածքում:

«Որևէ մեկը չի կարող պնդել, թե Թուրքիայի հարավում բացված միջանցքը նպատակ ունի պայքարել «Իսլամական պետության» դեմ, իրականում նրանք Թուրքիան են ուզում պաշարել», - հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե երկու երկրների ներկայացուցիչները համաձայնել են հանդիպել և քննարկել տարաձայնությունները: Այդ մասին առավոտյան Haberturk-ի եթերում հայտարարել էր Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Երեկ երեկոյան էլ հեռախոսազրույց էին ունեցել երկու երկրների արտգործնախարարները: Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ռեքս Թիլերսոնը Չավուշօղլուին փոխանցել էր իր խորը մտահոգությունները՝ ամերիկյան դիվանագիտական կորպուսի ներկայացուցչի ու Ամերիկայի մի քանի քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ: Միացյալ Նահանգների պետքարտուղարը նաև պահանջել էր, որ Թուրքիայի կառավարությունը հստակ բացատրություններ և ապացույցներ ներկայացնի նրանց առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:

Էրդողանի վերջին ելույթին ամերկյան կողմը դեռ չի արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG