Թուրքիայի նախագահը խորը ափսոսանք է հայտնել վիզաների տրամադրումը դադարեցնելու Միացյալ Նահանգների որոշման կապակցությամբ: Երեկ երեկոյան Կիևում, առաջին անգամ արձագանքելով այս հարցին, Ռեջեփ Էրդողանը միաժամանակ ընդգծել է․ - «Մենք ցեղախումբ չենք, Թուրքիան ղեկավարվում է օրենքի գերիշխանությամբ, և ես հանձնարարել եմ ամերիկացիներին համարժեք պատասխան տալ»:
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը, իր հերթին, Պետքարտուղարության կայքում տեղադրված տեսաուղերձում պնդել է՝ «այնպիսի տպավորություն է, ասես Թուրքիայում որոշ պաշտոնյաներ փորձում են քայքայել թուրք-ամերիկյան հարաբերությունները»: Դեսպանը նաև նշել է, որ ամերիկյան կողմը չի կարողացել պարզել՝ ինչու է ձերբակալվել իրենց հյուպատոսության աշխատակիցը և ինչ հիմքով: «Մենք այդպիսի որոշումներին լուրջ ենք մոտենում և խորը ափսոսանքով», - ընդգծել է Բասսը:
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին էլ Financial Times-ին ասել է․ - «Ամերիկյան որևէ վարչակազմ թույլ չի տա իր հետ այսպես վարվել՝ անկախ այն հանգամանքից, թե որքան կարևոր է այդ երկիրը Վաշինգտոնի համար»: «Սա շատ արտառոց քայլ է, որին մենք չենք դիմել անգամ ռուսների դեպքում», - ասել է ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը, ընդգծելով՝ այս ճգնաժամը պետք է հարթվի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի մակարդակով:
Անցած շաբաթավերջին ամերիկյան հյուպատոսության աշխատակից, Թուրքիայի քաղաքացի Մեթին Թոփուզի ձերբակալությունից հետո Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարեց, թե դադարեցնում է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: Ժամեր անց նույն քայլին դիմեց նաև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը: