Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում «խորը մտահոգություն» է հայտնել այդ երկրում ԱՄՆ դիվանագիտական առաքելության թուրք աշխատակիցների և մի քանի ամերիկացիների ձերբակալությունների կապակցությամբ:
Թիլերսոնը պնդել է, որ թուրքական կողմը մեղադրանքներ հնչեցնելուց բացի պետք է հստակ փաստեր ներկայացնի:
Հիշեցնենք, օրերս Միացյալ Նահանգները հայտարարեց, որ դադարեցնում է մուտքի արտոնագիր տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին՝ այն բանից հետո, երբ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի երկու թուրք աշխատողներ ձերբակալվեցին լրտեսության կասկածանքով: Ի պատասխան՝ Թուրքիան ևս հայտարարեց ԱՄՆ քաղաքացիներին վիզա չտրամադրելու մասին:
Կողմերի միջև այս դիվանագիտական ճգնաժամի շրջանում սա Թիլերսոնի և Չավուշօղլուի առաջին հեռախոսազրույցն էր: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այն տևել է մեկ ժամից ավելի: