Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը թուրքերին չի տրամադրի С-400-ի «ներքին կոդերը»․ Gazeta.ru


Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգ, արխիվ
Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգ, արխիվ

Չնայած Անկարան ռուսաստանյան С-400 (S-400) զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին պայմանագիր է ստորագրել Մոսկվայի հետ, այդ գերարդիական զենքի ներքին համակարգերը հասանելի չեն լինի թուրքական կողմի համար: Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրին, գրում է ռուսական Gazeta.ru էլեկտրոնային պարբերականը:

Վերջերս ստորագրված այդ պայմանագրի համաձայն, Թուրքիան ոչ միայն պետք է ստանա նշված հրթիռային համակարգերը, այլև ռուսական կողմի աջակցությամբ՝ պետք է կազմակերպի դրանց արտադրությունը հենց Թուրքիայում: Մոսկովյան փորձագետները մտահոգություն էին հայտնում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, փաստորեն, ձեռք կբերի ռուսական ռազմական տեխնոլոգիաներ:

Երեկ հրապարակված ծավալուն մի հոդվածում Gazeta.ru-ն հերքում է նման հնարավորությունը, ընդգծելով, որ Անկարան տեխնոլոգիաներ չի ստանալու: «Ներքին համակարգերն ու կոդերը մենք թուրքական կողմին չեն տրամադրելու: Պայմանագրում նշված է, որ համակարգերի սպասարկումն իրականացնելու է ռուսական կողմը, թուրքերն այդ համակարգերը բացելու հնարավորություն չեն ունենա: Նույնիսկ «Յուրային-օտար» ճանաչման համակարգը տեղադրելու են ռուս մասնագետները»,- գրում են հոդվածի հեղինակները:

Ըստ նրանց, Մոսկվան չի բավարարել թուրքական կողմի՝ կոդերն ու հսկողության համակարգը ևս տրամադրելու պահանջը: «Մենք հրաժարվել ենք դա անել»,- ասել է Gazeta.ru-ի աղբյուրը: Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հաստատել է թուրքական կողմի հայտարարությունն այն մասին, որ С-400 համակարգերի ձեռք բերման գործարքի կանխավճարն արդեն փոխանցվել է: Կոժինը, սակայն, չի հստակեցրել, թե Անկարան կոնկրետ երբ է ստանալու սպառազինությունը:

Անցած շաբաթ Անկարայում նախագահներ Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգում նաև նշված հրթիռային համակարգերի ձեռք բերմանն առնչվող հարցեր են եղել: Այդ պայմանագիրը, հիշեցնենք, կնքվել էր սեպտեբերի 12-ին: Թուրքական կողմն ակնկալում է համակարգերը ստանալ երկու տարվա ընթացքում: Էրդողանը նաև հայտարարել էր, որ այս գործարքի համար Մոսկվան Անկարային վարկ է տրամադրել: Ռուսական կողմը պայմանագրի մանրամասները չի հրապարակում:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին պետությունն է, որ նման սպառազինություն է գնում Ռուսաստանից: ՌԴ Անվտանգության հարցերով ակադեմիայի փոխնախագահ Վիկտոր Եսինը Gazeta.ru-ին ասել է, թե սովոարաբար նման սպառազինության վաճառքի պարագայում ներքին տեխնոլոգիական համակարգերն անհասանելի են լինում գնորդի համար, ինչը «սովորական պրակտիկա է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG