Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Թուրքիան կնքել են С-400-ի առքուվաճառքի պայմանագիրը


Ռուսական С-400 զենիահրթիռային համակարգ, արխիվ

Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության С-400 համակարգերի առքուվաճառքի մասին պայմանագիրը: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան պետական РИА Новости գործակալությունը: РИА Новости-ն երեկ ներկայացրել է Рособоронэкспорт-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետևյալ խոսքերը ․ «Պայմանագիրը ստորագրված է, սակայն դեռ ուժի մեջ չի մտել»:

Ռուսաստանցի պաշտոնյան հավելել է՝ «աշխատանքը շարունակվում է, մնացել են տեխնիկական նրբությունները»: Միխեևը չի մանրամասնել՝ ռուսական С-400 քանի՞ համակարգ է վաճառվելու Թուրքիային և որքան է դրա դիմաց վճարելու Անկարան:

Ամերիկյան Jamestown հիմնադրամի անվտանգության հարցերով վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանի խոսքով, նման պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան անցում են կատարում խորը համագործակցության: «Սա նշանակում է, որ Ռուսաստանի համար Թուրքիան այլևս չի դիտարկվելու որպես այս տարածաշրջանում հիմնական սպառնալիք, հիմնական հակառակորդ:

Ավելին՝ այս փաստաթուղթը կարող է մեկնաբանվել այսպես՝ Ռուսաստանը մատակարարելով այս համակարգերը, ոչ միայն փորձում է Թուրքիայի համար բացել իր ռազմական տեխնոլոգիաների շուկան, այլ նաև ցուցադրում է, որ Թուրքիայի հետ, ինչպես Սիրիայի հարցում, Սև ծովի հարցում, կովկասյան հարցերում, կարելի է գալ համաձայնության և լինել խորը համագործակցության մեջ»,- «Ազատությանն» ասաց Էդուարդ Աբրահամյանը:

Bloomberg գործակալությունը դեռ հուլիսի 13-ին հաղորդելով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև C-400-ի շուրջ նախնական պայմանավորվածության կայացման մասին՝ գրել էր, որ Անկարան Մոսկվային վճարելու է 2,5 միլիարդ դոլար, որի դիմաց ռուսական կողմը 2018 թվականին C-400 երկու համակարգ է մատակարարելու, նաև օգնելու է, որ Թուրքիայում արտադրվեն ևս երկու նման համակարգեր:

Գործակալության ներկայացմամբ, թեև C-400-ները չեն կարող ինտերգրվել ՆԱՏՕ-ի պաշտպանական այլ համակարգերի հետ, բայց և որևէ խոչընդոտ չկա, որպեսզի Անկարան դրանք տեղադրի Հայաստանի կամ Հունաստանի հետ սահմանին, ինչը հնարավոր չէր լինի հակաօդային պաշտպանության արևմտյան համակարգերի պարագայում:

Bloomberg-ի հրապարակման հաջորդ օրը, անդրադառնալով C-400-ների շուրջ ռուս-թուրքական հնարավոր պայմանավորվածությանը՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը, ըստ Պենտագոնի պաշտոնական կայքէջի, ասել էր․ «Խնդիրն այն է, թե ինչպես է ապահովվելու ՆԱՏՕ-ի ու ռուսական [համակարգերի] փոխգործակցությունը: Ի վերջո, այդ համակարգերն այնպես են ստեղծված, որ երբեք չեն կարող փոխգործակցել: Ուստի պետք է տեսնենք՝ արդյո՞ք այդ գործն առաջ կգնա, արդյո՞ք նրանք շահագործում են այն, արդյո՞ք շահագործում են միայն մեկ շրջանում, նմանատիպ այլ հարցեր կան: Մենք պետք է հետևենք այդ զարգացումներին»:

Jamestown հիմնադրամի վերլուծաբանը նշում է․ «Թուրքիան արդեն բավական երկար ժամանակ է՝ ունի հիմնական սպառազինությունների արդիականացման խնդիր, և ակնհայտ էր, որ վերջին 15 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի երկրները մեծ շահագրգռություն չէին ցուցաբերում Թուրքիային նման զինատեսակներ, այդ թվում՝ հեռահար հակաօդային համակարգեր մատակարարելու հարցում: Այնպիսի զինատեսակներ ու համակարգեր, որոնք Թուրքիան կկարողանար ինքնուրույն տնօրինել»:

Էդուարդ Աբրահամյանի խոսքով՝ առաջիկայում պետք է սպասել, որ կլինեն ռուս-թուրքական նոր պայմանավորվածություններ: «Հայաստանի համար դա իհարկե որոշակիորեն սպառնալիք է, ելնելով այն բանից, որ Թուրքիան և Ռուսաստանն այս դեպքում ավելի կկարևորեն ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորումը: Այդ երկրները նման կարգավորման օրակարգ կառաջարկեն, ինչը Հայաստանի համար նոր խնդիրներ ու սպառնալիքներ կստեղծի, որովհետև այդ դեպքում Թուրքիան Մոսկվայի հետ համագործակցության շնորհիվ կդառնա ռեգիոնում ակտիվ խաղացող»,- ասաց փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG