Մատչելիության հղումներ

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 28-ը սեպտեմբերի, 2017թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, 28-ը սեպտեմբերի, 2017թ․

Հինգշաբթի օրը Անկարայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների` այս տարի հինգերորդ հանդիպումը, որը տևել է շուրջ երկու ժամ և որի ժամանակ երկու երկրների առաջնորդները քննարկել են Սիրիան և Իրաքի Քուրդիստանը, ինչպես նաև երկկողմ հարցեր, համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ։

Հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շնորհիվ մոտ է կարգավորմանը:

«Պետք է խոստովանել, որ անվտանգության գոտիների ստեղծման շուրջ աշխատանքները բարդ էին ինչպես սիրիական հակամարտության կողմերի, այնպես էլ այդ գործընթացի երաշխավորներ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար։ Սակայն չնայած բոլոր դժվարություններին՝ մեզ հաջողվել է դրական արդյունքներ արձանագրել։ Համարում եմ այդ արդյունքները մեր բոլորիս հաջողությունը, ինչպես նաև մեր բարեկամ պարոն Էրդողանի հաջողությունը, քանի որ նա էր այս գործընթացի նախաձեռնողներից մեկը», - Անկարայում երեկ երեկոյան հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Ռեջեփ Էրդողանը, իր հերթին, հայտարարել է որ Մոսկվան և Անկարան աջակցում են Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին ասուլիսին Պուտինը շատ չի խոսել, ընդամենը ասել է, թե պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է, իսկ Էրդողանը ևս մեկ անգամ ընդգծել է Անկարայի դիրքորոշումը։ «Անկախության հանրաքվեն լեգիտիմ չէ», - ասել է Էրդողանը՝ հավելելով․ - «Հյուսիսային Իրաքը մեծ սխալ է թույլ տվել, ոչ ոք մեր տարածաշրջանը թեժ տարածաշրջանի վերածելու իրավունք չունի»։

Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը, Պուտինը ասուլիսին նախ հայտարարել է, որ ընթացիկ տարվա յոթ ամիսներին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 31․5 տոկոսով։ Այսպիսով երկու երկրները վերականգնել են նախկին դիրքերը և նախատեսում են նաև զարգացնել համագործակցությունը։

Էրդողանը խոսում էր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելու ծրագրի մասին։

Նախագահները քննարկել են նաև տխրահռչակ թուրքական լոլիկների հարցը: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Օրակարգում էր նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հիշեցնենք՝ վերջերս Անկարան Մոսկվայի հետ С-400 (S-400) զենիթահրթիռային համակարգ գնելու մասին համաձայնագիր է ստորագրել, որով Անկարան ռուսական վարկով ոչ միայն գնում է այդ գերհզոր համակարգը, այլ նաև դրանք Թուրքիայի տարածքում արտադրելու իրավունք, ինչպես նաև արտադրության հարցում Ռուսաստանի աջակցությունն է ստանում։

Պուտինն ու Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույու» ատոմակայանի հարցերը։ Այստեղ կան որոշ բիզնես տարաձայնություններ, սակայն դրանք կողմերը մտադիր են հաղթահարել։

Ասուլիսին Ռեջեփ Էրդողանը նաև հայտարարել է, որ եկող տարի Վլադիմիր Պուտինը նորից կայցելի Թուրքիա, որտեղ պետք է կայանա ռուս-թուրքական բարձր մակարդակի հանձնաժողովի հերթական նիստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG