Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի դրությամբ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է և իրականացվում է հետմարման աշխատանքներ:
«Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 250-ից ավելի քաղաքացի (հարակից գյուղերի բնակիչներ և Հայանտառի աշխատակիցներ)», - ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունը նշում է, որ հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով, որի արդյունքում այրվել է խոտածածկ տարածք:
«Ձեռնարկված միջոցառումների և ճիշտ ընտրված հրդեհաշիջման մարտավարության շնորհիվ շրջակա անտառային տարածքը հաջողվել է գրեթե ամբողջությամբ պահպանել», - ասված է հաղորդագրությունում:
Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառում հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 3-ին: