Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ու Մոսկվան կջանան շարունակել երկխոսությունը՝ չնայած փոխադարձ պատժամիջոցներին


ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Մանիլայում, 6-ը օգոստոսի, 2017թ․
ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Մանիլայում, 6-ը օգոստոսի, 2017թ․

Չնայած առկա տարաձայնություններին ու փոխադարձ պատժամիջոցներին, Վաշինգտոնն ու Մոսկվան վստահեցնում են՝ պատրաստ են շարունակել հանդիպումներն ու ճանապարհներ գտնել լարվածությունը թուլացնելու համար: «Երկխոսությանն այլընտրանք չկա», - երեկ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մանիլայում՝ ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

«Մենք մեր ամերիկացի գործընկերների մոտ զգացինք երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն, կարծում եմ՝ դրան այլընտրանք չկա», - ասաց Լավրովը:

Ամերիկյան կողմը փակ դռների ետևում շարունակված հանդիպումից հետո հայտարարեց՝ քննարկել ու քննադատել է Կրեմլին ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին միջամտելու համար: «Դա լուրջ միջադեպ էր, որը խորը անվստահություն է ստեղծել երկու պետությունների միջև՝ էականորեն վնասելով հարաբերությունները», - պնդեց պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, միաժամանակ ընդգծելով՝ խելամիտ չէ այդ մեկ խնդրի պատճառով խզել կապերը երկու գերտերությունների միջև:

«Չեմ կարծում, որ որևէ մեկին օգուտ կտա, եթե մենք ընդամենը մեկ խնդրի պատճառով դադարեցնենք բոլոր տեսակի հարաբերությունները: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը գերտերություններ են, և կարծում եմ՝ մենք պետք է գտնենք ոլորտներ, որտեղ կարող ենք աշխատել միասին: Եկեք փորձենք համագործակցել, փորձենք գտնել ճանապարհներ՝ մեր տարաձայնությունները հարթելու համար», - հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը:

Երկու արտգործնախարարների հանդիպումն առաջինն էր Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներից հետո, որոնք նախագահ Թրամփը վավերացրեց անցած շաբաթ: Ինչպես և ակնկալվում էր, այս հարցը դարձել է բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը:

Լավրովը, իր խոսքով, ամերիկյան պատժամիջոցները որակել է «երկկողմ համագործակցությանը հասցված հզոր հարված»՝ ներկայացնելով մանրամասներ Կրեմլի պատասխան քայլերի վերաբերյալ: Դրանցից մեկով, մասնավորապես, Մոսկվան Վաշինգտոնից պահանջում է մինչև այս ամսվա վերջ 755-ով կրճատել Ռուսաստանում առկա ամերիկացի դիվանագետների թիվը:

Թիլերսոնն, իր հերթին, ընդգծել է՝ Կրեմլի այդ որոշումն անպատասխան չի մնա: «Ես ասացի Ռուսաստանի արտգործնախարարին, որ Միացյալ Նահանգներում մենք դեռ չենք որոշել՝ ինչպես ենք արձագանքելու, մի քանի հստակեցնող հարց տվեցի, որպեսզի հասկանամ՝ ինչ է ռուսական կողմը մտածում դիվանագիտական այդ նոտայի շուրջ, միաժամանակ տեղեկացրի, որ Միացյալ Նահանգները կարձագանքի մինչև սեպտեմբերի 1-ը», - նշեց պետքարտուղարը:

Հանդիպման մյուս առանցքային հարցը եղել է ուկրաինական ճգնաժամը: Ամերիկայի պետքարտուղարը բանակցություններից հետո հայտարարեց՝ ռուսների մոտ ճգնաժամը հարթելու որոշակի ցանկություն է տեսել, Լավրովն էլ տեղեկացրեց՝ Վաշինգտոնը պատրաստվում է Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնացին մոտակա ժամանակներս Մոսկվա գործուղել:

«Մենք հիշեցրինք, որ և՛ Միացյալ Նահանգների նախագահը, և՛ պետքարտուղարը մեզ խոստացել էին, որ Ուկրաինայի հարցով Նահանգների հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը շուտով գալու է Ռուսաստան: Թիլերսոնը հաստատեց, որ նման հանդիպում նախատեսված է ամենամոտ ապագայում, դա հետաքրքիր է, քանի որ Վոլքերը եղել է մի շարք մայրաքաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Փարիզում, Բեռլինում, Լոնդոնում, և մեզ հետաքրքիր է՝ ինչ պատկերացում է ձևավորվել ամերիկացի հատուկ բանագնացի մոտ ներկայիս իրավիճակի շուրջ», - ասաց Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել էր, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները գտնվում են վտանգավոր և աննախադեպ ցածր մակարդակի վրա: Ռեքս Թիլերսոնը ևս չէր թաքցրել, որ երկու երկրների հարաբերությունները, ինչպես և նախկինում, շատ լարված են, միաժամանակ նշել էր, որ իր և Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումներում մարտականություն չկա: «Կարծում եմ՝ ինչպես և ես, Լավրովը ևս ցանկանում է գտնել մեր հարաբերությունները բարելավելու ճանապարհներ», - հայտարարել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG