Մատչելիության հղումներ

Թիլերսոն. Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են է՛լ ավելի վատթարանալ


ԱՄՆ - Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ, 1-ը օգոստոսի, 2017թ․
ԱՄՆ - Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ, 1-ը օգոստոսի, 2017թ․

«Դեռ երբեք Ռուսաստանի հետ հարաբերություններն այսքան վատ չեն եղել», - համոզված է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը` չբացառելով, որ Մոսկվայի հետ հակասությունները կարող են է՛լ ավելի խորանալ: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այս մասին հայտարարեց երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանի հետ հարաբերություններում, ինչպես գիտեք, զգալի լարվածությունը պահպանվում է: Մոսկվա այցիս ընթացքում ես արդեն նշել եմ, որ մեր հարաբերությունները «սառը պատերազմից» ի վեր հասել են ամենացածր կետին, և չի բացառվում, որ դրանք շարունակեն վատթարանալ: Հիմնական խնդիրը հետևյալն է` արդյոք [ռուս-ամերիկյան հարաբերությունների] հետագա վատթարացումը կշարունակվի՞, թե՞ մենք կկարողանանք կայունության որոշակի մակարդակի հասնել, ինչը մեզ թույլ կտա երկկողմ շահագրգռություն ներկայացնող խնդիրներում լուծումներ գտնել: Դա նաև հնարավորություն կտա որոշակիորեն հարթել մեր տարակարծությունները` խուսափելով բացահայտ կոնֆլիկտներից», - հայտարարում էր Ռեքս Թիլերսոնը` չշրջանցելով նաև անցած շաբաթ ամերիկյան Կոնգրեսի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների թեման:

«Այն, որ Կոնգրեսի գործողությունների արդյունքում այդ պատժամիջոցներն արդեն իսկ կյանքի են կոչվել, ոչ ինձ, ոչ էլ նախագահին առանձնապես չի ուրախացնում: Մենք հստակորեն արտահայտել ենք մեր տեսակետը` նշելով, թե չենք կարծում, որ այդ քայլը օգտակար կլինի մեր կողմից գործադրվող ջանքերի համար: Բայց որոշումն արդեն իսկ ընդունվել է և ընդունվել է շատ հաստատակամ և աներկբա ձևով: Կարծում եմ, որ նախագահն ընդունում է այն, նա կստորագրի այդ օրենքը, ինչից հետո մենք պարզապես կաշխատենք` հաշվի առնելով այդ որոշման առկայությունը: Մյուս կողմից՝ ես կարծում եմ, որ այդ որոշումը չպետք է մեզ շեղի հարաբերությունների կարգավորման ուղուց», - նշում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Հիմնական խնդիրը, որի շուրջ պաշտոնական Վաշինգտոնը համագործակցելու է Ռուսաստանի հետ՝ անգամ պատժամիջոցների և Մոսկվայի կողմից ընդունված հակաքայլերի առկայության պայմաններում, սիրիական հակամարտությունն է: Թիլերսոնի խոսքով, սակայն, այս առումով ամերիկյան կողմը որոշակի նախապայմաններ ունի:

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ` ջանքեր գործադրելով, որպեսզի Սիրիան չպառակտվի և միասնական պետություն լինի: Հուսով ենք, որ Սիրիայի քաղաքացիները կկարողանան նոր սահմանադրություն ընդունել և մասնակցել ազատ և արդար ընտրություններին` ընտրելով սեփական ղեկավարներին: Մեր տեսակետն անփոփոխ է` Ասադի վարչակազմը Սիրիայի ապագա կառավարման գործում որևէ դերակատարություն չպետք է ունենա: Երկրորդ նախապայմանն էլ վերաբերում է Իրանի ռազմական ազդեցությանը և իրանական ստորաբաժանումների ներկայությանը Սիրիայում: Այդ ուժերը պետք է լքեն Սիրիայի տարածքը և վերադառնան հայրենիք», - նշում էր պետքարտուղար Թիլերսոնը:

Մոսկվան արդեն իսկ արձագանքել է Թիլերսոնի հայտարարություններին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողների հետ զրույցում նկատել է․ - «Վաշինգտոնից հնչող հայտարարություններում առկա որոշակի հակասությունները նկատելի են: Այս ֆոնին Թրամփի և Պուտինի միջև նոր բանակցություններ առայժմ նախատեսված չեն»:

Ռեքս Թիլերսոնի ասուլիսի ընթացքում արծարծված մյուս կարևորագույն թեման Իրանի հետ հարաբերություններն էին: Միացյալ Նահանգների պետքարտուղարը շարունակում է պնդել, որ Թեհրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը իր հիմնական նպատակին այդպես էլ չհասավ:

«Պայմանագիրը մեկ այլ բաղադրիչ էլ ուներ, որի համաձայն՝ Իրանը պետք է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատեր: Իրանին կոչ էր արվում դադարեցնել բալիստիկ հրթիռների արտադրության ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս համաձայնագրի հետ կապված բազմաթիվ ակնկալիքներ կային», - հայտարարում էր ԱՄՆ պետքարտուղարը` արձանագրելով, որ դրանք այդպես էլ իրականություն չդարձան:

«Իրանն այդպես էլ լավ հարևան չդարձավ: Այն չի սառեցրել բալիստիկ հրթիռների ստեղծմանն ուղղված ծրագիրը: Կարելի է պնդել, որ Իրանը ոտնահարում է միջուկային համաձայնագրի ոգին», - հայտարարում էր Թիլերսոնը, չհստակեցնելով` արդյոք Սպիտակ տանը որոշել են, թե ինչ քաղաքականություն են որդեգրելու Իրանի նկատմամբ:

Թեհրանից էլ պատասխան մեղադրանքներ են հնչում: Երեկ Իրանի իշխանությունները դիմել են Միջուկային համաձայնագրի կատարմանը հետևող միջազգային հանձնաժողովին` պնդելով, թե Միացյալ Նահանգների իշխանությունները խախտում են համաձայնագրի դրույթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG