Մատչելիության հղումներ

Բավրայի մաքսակետի պետի և ևս 5 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է


Կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել են կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանի կողմից «կաշառք ստանալու և ապօրինի կերպով ռազմամթերք պահելու հանցավոր գործողություններ»: Հաղորդելով այդ մասին՝ ՀՔԾ-ն հավելում է, որ քննությամբ բացահայտվել են նաև ևս 5 անձի, այդ թվում մաքսային ձևակերպումներով զբաղվող «ԿԱՆԱՉ-ՈՒՂԻ» ՍՊԸ տնօրեն Արմեն Էբոյանի մասնակցությամբ կատարված «կաշառք տալու, կաշառքի միջնորդության և այլ բնույթի հանցագործությունների» դրվագներ:

«Նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն Էբոյանն իր ծանոթ Արտյոմ Գրիգորյանից տեղեկանալով, որ վերջինիս բարեկամ Մարտին Ամիրխանյանը ցանկանում է առանց օրինական փաստաթղթերի համապատասխան ապրանքներ արտահանել Ռուսաստանի Դաշնություն և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ մասին հայտնել է իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանին: Վերջինս պատրաստակամություն է ստանձնել 400 ԱՄՆ դոլար գումար կաշառքի դիմաց օրենսդրության շրջանցմամբ կազմակերպել ապրանքի ապօրինի արտահանումը: Ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ 12.05.2017թ-ին, Բավրայի մաքսակետում Երեմ Մարգարյանն Արմեն Էբոյանի օժանդակությամբ Մարտին Ամիրխանյանից ստացել է խոստացված կաշառքի գումարը և, անտեսելով ապրանքների ձեռք բերման իրական և օրինական փաստաթղթերի բացակայությունը, թույլատրել դրանց ապօրինի արտահանումը», - ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյան «ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 35 մարտական փամփուշտներ»:

Բացի այդ, Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա բացահայտվել է «ԿԱՆԱՉ-ՈՒՂԻ»ՍՊԸ տնօրեն Արմեն Էբոյանի կողմից կատարված «մեկ այլ բնույթի հանցագործության դրվագ` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից խարդախությամբ զգալի չափերով գույք հափշտակելու վերաբերյալ»:

«Այսպես, քննությամբ պարզվել է, որ Արմեն Էբոյանը, նախնական համաձայնության գալով ՀՀ քաղաքացի Հերիքնազ Մարտիրոսյանի հետ, 2017թ. ապրիլի 26-ին նախաձեռնել և կազմակերպել է իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի և Հերիքնազ Մարտիրոսյանի կողմից վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենաների կեղծ՝ շինծու վթար, որին խորհուրդներով և ցուցումներով օժանդակել է ավտոմեքենաների վերանորոգման մասնագետ Վարդգես Սիրականյանը: Վերջինիս օժանդակությամբ իրական վթարի տեսարան են ստեղծել` դրանով անհնար դարձնելով ապահովագրական ընկերության կողմից վթարի շինծու լինելու հանգամանքի բացահայտումը: Արմեն Էբոյանը Հերիքնազ Մարտիրոսյանի հետ շինծու վթարը խաբեությամբ ներկայացնելով որպես իրական վթար` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից ստացել են զգալի չափերով գումար», - հաղորդում է ՀՔԾ-ն:

Այդպիսով, մեղադրանքներ են առաջադրվել.

Երեմ Մարգարյանին` Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Արմեն Էբոյանին` Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մարտին Ամիրխանյանին` ՔՕ 312-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Գրիգորյանին՝ ՔՕ 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, Հերիքնազ Մարտիրոսյանին` ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Վարդգես Սիրականյանին` ՔՕ 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG