Մատչելիության հղումներ

«Նորմանդական քառյակը» համաձայնել է առաջ մղել ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը


Ուկրաինական բանակի զինծառայողը Մարիուպոլում, հունիս, 2017թ․
Ուկրաինական բանակի զինծառայողը Մարիուպոլում, հունիս, 2017թ․

Գերմանիայի կառավարությունը երեկ երեկոյան հայտարարել է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են մի շարք «անհապաղ միջոցների» դիմել՝ Ուկրաինայի արևելքի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

Սակայն խաղաղ գործընթացն առաջ մղելու համար հայտարարված «անհապաղ ու հատուկ միջոցների» մանրամասները, նախատեսվող կոնկրետ քայլերը հայտնի չեն:

Բեռլինը հայտարարում է, որ «Նորմանդական քառյակը» կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայի արևելքում հրադադարի բոլոր խախտումները, որտեղ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները կռվում են Ուկրաինայի կառավարական զորքերի դեմ:

Բեռլինի հայտարարությանը նախորդել էր «Նորմանդական քառյակի» չորս երկրների առաջնորդների՝ Անգելա Մերկելի, Էմանյուել Մակրոնի, Վլադիմիր Պուտինի ու Պետրո Պորոշենկոյի երկու ժամ տևած հեռախոսազրույցը:

Ֆրանսիայի նախագահի համար սա առաջին մասնակցությունն էր «Նորմանդական քառյակի» ձևաչափով բանակցություններին:

Հեռախոսազրույցին հաջորդած հայտարարություններում նշված է, որ ուկրաինական բանակի և ռուսամետ անջատականների ուժերի տարանջատումը, ինչպես նաև ծանր զինտեխնիկայի հետ քաշելը նույնպես առաջնահերթ է համարվել:

Չորս առաջնորդների հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պահանջել է, որ Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումը անջատականներին: Պորոշենկոն կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայել հակամարտության գոտում, Ռուսաստանի սահմանի մոտ:

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քննադատել է անցած շաբաթվա ընթացքում ռուսամետ անջատականների առաջնորդի հայտարարությունը, ով կոչ էր արել Ուկրաինայի արևելքում «Մալոռուսիա» անվանումով նոր պետություն ստեղծել:

Կրեմլի հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանգամանալից ներկայացրել է Ռուսաստանի մոտեցումները Մինսկի համաձայնագրի բոլոր առանցքային կետերի շուրջ:

Հեռախոսազրույցին մասնակցել են նաև Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

Նշենք, որ բանակցությունները համընկան Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նորանշանակ բանագնաց Քուրթ Վոլքերի այցելությանը Կիև, ով ժամանել է Ուկրաինա՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով:

2015-ից մեկնարկած խաղաղ գործընթացը, որը հայտնի է որպես Մինսկի համաձայնություններ, մինչև հիմա էական արդյունքների չի հասել:

2014-ի ապրիլից Ուկրաինայի արևելքում բռնկված զինված հակամարտության հետևանքով ավելի քան 10 հազար մարդ է զոհվել: Նախկինում ձեռք բերված հրադադարի համաձայնությունները ձախողվել են:

Հուլիսի սկզբին Մեծ քսանյակի (G20) հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել էր, որ Ուկրաինայի արևելքում բռնություններին վերջ տալու ջանքերի առաջընթացը «շատ, շատ թույլ է»:

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են սահմանել 2014-ի մայիսից՝ Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելքի անջատականներին աջակցելու համար: Մոսկվան հերքում է Ուկրաինայի արևելքում զենք ու զինված ջոկատներ ուղարկելու մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG