Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահը սառեցնում է դատական համակարգի վիճահարույց փոփոխությունները


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարությամբ է հանդես գալիս, Վարշավա, 24-ը հուլիսի, 2017թ․
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարությամբ է հանդես գալիս, Վարշավա, 24-ը հուլիսի, 2017թ․

Վերլուծաբանները փաստում են՝ խորհրդարանական կառավարում ունեցող երկրում սա նախագահի առաջին հարվածն է իշխող մեծամասնությանը:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր անակնկալ հայտարարեց, թե սառեցնում է դատական համակարգի վիճահարույց փոփոխությունները, որոնք բազմահազարանոց փողոցային ցույցերի պատճառ էին դարձել՝ արժանանալով նաև Եվրամիության կոշտ քննադատությանը: «Բարեփոխումների կարիք կա, բայց դրանք չպետք է բաժանարար գիծ դառնան հասարակության ու պետության միջև», - հայտարարեց Դուդան՝ խոստանալով վետո դնել ընդունված երեք օրենքներից երկուսի վրա:

«Լեհաստանը արդարադատության համակարգի բարեփոխման շատ մեծ կարիք ունի, և ես լիովին աջակցում եմ այդ բարեփոխումներին: Սակայն, ես աջակցում եմ խելամիտ փոփոխություններին, որոնք կերաշխավորեն դատական համակարգի արդյունավետ աշխատանքը և կբարձրացնեն արդարության ընկալումը երկրում: Որպես նախագահ՝ ես հոգուս խորքում համոզված եմ, որ առաջարկվող փոփոխությունները անվտանգությունն ու արդարադատությունը չեն ամրապնդելու», - ասաց Դուդան:

Փոփոխությունները նախաձեռնել էր իշխող «Օրենք և արդարություն» կուսակցությունը՝ առաջարկելով պաշտոնանկ անել դատական համակարգի անկախությունը երաշխավորող Արդարադատության ազգային խորհրդի անդամներին, նորերին էլ նշանակել խորհրդարանի կողմից, որի երկու պալատներում իրենք են մեծամասնություն կազմում: Բացի այդ, առաջարկվում էր ընդլայնել արդարադատության նախարարի լիազորությունները՝ նրան տալով շրջանային ու դաշնային դատարաններում միանձնյա դատավորներ նշանակելու իրավունք: «Փաստացի, դատական ողջ համակարգը հայտնվում է իշխող կուսակցության ձեռքում», - պնդում էին ընդդիմադիրները՝ առաջարկված փոփոխությունները որակելով որպես «հեղաշրջման փորձ ու բռնապետության հաստատում»:

«Ես այդ քննարկումներին չեմ մասնակցել», - այսօր պնդեց նախագահ Դուդան: - «Ցավում եմ, որ առաջարկված օրենսդրական փաթեթը ինձ՝ երկրի նախագահին չի ներկայացվել, այդ իսկ պատճառով ես որևէ խորհուրդ չեմ տվել: Քննարկումներին մասնակցելու հնարավորություն չի ունեցել նաև շահարգիռ կողմերի մեծ մասը: Այդ իսկ պատճառով, ես որոշել եմ ետ՝ Սեյմ ուղարկել Գերագույն դատարանի և Արդարադատության ազգային խորհրդի մասին օրենսդրական փոփոխությունները»:

Այժմ նախագահի վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ է պատգամավորական ձայների երեք հինգերորդը, որը «Օրենք և արդարություն»-ը չունի:

Վերլուծաբանները փաստում են՝ խորհրդարանական կառավարում ունեցող երկրում սա նախագահի առաջին հարվածն է իշխող մեծամասնությանը, որի կողմից, ի դեպ, երկու տարի առաջ առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում: Հաղորդվում է, որ իշխող կուսակցության ազդեցիկ առաջնորդը՝ նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին, այսօր եկել է կուսակցության գրասենյակ՝ արտահերթ ժողովի, հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին: Կառավարության անդամները, սակայն, խոստովանել են, որ նախագահի հայտարարությունն իրենց անակնկալի է բերել:

Ընդդիմադիր դաշտում, մինչդեռ, շտապել են ողջունել նախագահին: «Դա դժվարին, բայց խիզախ որոշում էր», - հայտարարել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ժողովրդավարության առաջատամարտիկ ու նախկին նախագահ Լեխ Վալենսան՝ կոչ անելով ընդդիմադիրներին շարունակել պայքարը: «Մենք կա՛մ նրանց կստիպենք ետ կանգնել այդ ճանապարհից, կա՛մ ինքներս փոփոխություն կանենք», - ասել է նա:

Նախագահական նստավայրի մոտ հավաքված բազմահազար ցուցարարները ևս շնորհակալություն են հայտնել նախագահին՝ միաժամանակ կոչ անելով վետո դնել նաև վիճահարույց երրորդ օրենքի վրա:

Եվրամիությունը, որ մինչ օրս կոշտ քննադատում էր այս փոփոխությունները՝ սպառնալով դրանց ընդունման դեպքում պատժամիջոցներ կիրառելև անգամ Լեհաստանին զրկել ձայնի իրավունքից, առայժմ զգուշավոր է արձագանքում նախագահի որոշմանը: «Բրյուսելին ժամանակ է պետք՝ այն գնահատելու համար», - այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակը, տեղեկացնելով՝ Եվրամիության կառավարությունն այդ հարցը քննարկման կդնի առաջիկա չորեքշաբթի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG