Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի աշխատակիցներն ու կառուցապատող ընկերության բանվորները ծանր տեխնիկայի օգնությամբ քանդում էին ավելի քան երկու տասնամյակ գործող Ֆիրդուսի փողոցի բացօթյա տոնավաճառը՝ չխնայելով անգամ առևտրականների ունեցվածքը։

Քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարում էին, որ տոնավաճառի հետնամասում սկսվում է նոր էլիտար թաղամասի շինարարությունը, և տաղավարները քանդելուն այլընտրանք չկա։

Առևտրականների հետ միասին այսօր շինարարությանն ընդդիմանում էին նաև այդ տարածքի բնակիչները, որոնք ըստ էության հայտնվում են շինարարական շրջափակման մեջ։ Նրանց համոզմամբ, առևտրականներին հեռացնելով իշխանությունը փորձում է մենակ թողնել իրենց, որպեսզի հետագայում արդեն շուկայականից մի քանի անգամ ցածր գներով կառուցապատողը գնի տարածքում մնացած վերջին մի քանի տասնյակ տները։

«Մենք հասկանում ենք, որ նրանք աստիճանաբար, քայլ առ քայլ ուզում են հասնել մեզ՝ բնակիչներիս, որ մեզ դրանով նեղեն․․․ Իրանց թվում ա, ցանկացած առաջարկ գումարայինի համար կամ ինչ-որ բնակարան կիսատ-պռատ, մենք պետք է համաձայնվենք», - ասաց բնակիչներից մեկը:

2007 թվականին, ինչպես բնակիչներն են ասում՝ «փոքր կենտրոնի վերջին հողակտորը» ճանաչվեց հանրային գերակա շահ, նպատակը տարածքը էլիտար թաղամասի վերածելն էր։ Քաղաքացիների մի մասը, հավատալով շինարարական ընկերությանը, թույլատրեց քանդել իրենց տները, կարճ ժամանակ անց կառուցապատող «Գլենդել հիլզը» իրեն սնանկ հայտարարեց՝ տները լքած քաղաքացիների մի մասին փաստացի մինչև օրս թողնելով անօթևան։

Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող այդ հատվածը այսօր աղբավայր է հիշեցնում։

Երևանի քաղաքապետարանից այսօր «Ազատությանը» տեղեկացրեցին, որ այժմ նոր ներդրող է հայտնվել, որի անունը, սակայն, չնշեցին։

Ֆիրդուսի փողոցի բնակիչները նշում են, որ էլիտար թաղամասը կառուցելու համար պետք է գնվի նաև իրենց գույքը, մինչդեռ կառուցապատող ընկերությունից որևէ մեկը իրենց չի այցելել։

Առևտրականներն ու բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել նախագահական նստավայրի առջև, իսկ մինչ այդ շինարարները շարունակում են վերացնել տոնավաճառի վերջին հետքերը։

Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը այսօր դիմել է Երևանի քաղաքապետարան՝ առաջարկելով ժամանակավորապես դադարեցնել տաղավարների ապամոնտաժումը, մինչև առևտրականներին այլ տարածք տեղափոխելու հարցը վերջնականապես կլուծվի:

Նշենք նաև, որ մեկ ամիս առաջ առևտրականները քաղաքապետարանում հանդիպել և հարցը քննարկել էին քաղաքապետի հետ։ Նրանք խնդրել էին իրենց ընդառաջել և տոնավաճառից դուրս գալու վերջնաժամկետ սահմանել դեկտեմբերի 31-ը։

XS
SM
MD
LG