Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ վերընտրվեց Բակո Սահակյանը


Երկու թեկնածուների միջև ձայները բաշխվեցին 28-4 հարաբերակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի 33 պատգամավորներից 28-ի կողմ քվեարկությամբ այսօր գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում: Ազգային ժողովի մոտ երեք ժամ տևած հատուկ նիստի ավարտին ծափահարությունների ներքո Սահակյանը շնորհակալական ելույթով հանդես եկավ․ - «Երջանիկ եմ, քանի որ հնարավորություն եմ ձեռք բերել հայրենիքին ծառայելու: Ես հաջողություն եմ ցանկանում մեզ բոլորիս այդ ծառայությունը մատուցելու գործում: Շնորհակալություն»:

Բակո Սահակյանի մրցակիցը այս ընտրություններում Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանն էր: Նա 4 ձայն ստացավ: Նախագահի ընտրությունները մեկնարկեցին առավոտյան 11-ին: Ընդդիմախոսների քննադատությանը, որ արդեն տասը տարի երկիրը ղեկավարող Սահակյանի առաջադրումը Սահմանադրությանը չի համապատասխանում և սա հետընթաց է՝ դահլիճում նստած Բակո Սահակյանը ժպիտով էր արձագանքում:

«Առաջադրվելով երրորդ անգամ՝ Սահակյանը ոչ միայն արհամարհում է ժողովրդավարական կարևորագույն սկզբունքները, սահմանադրական նորմերը, այլ դուրս է գալիս ժողովրդի դեմ: Աթոռին կառչած մնալու ցանկություն միգուցե շատերն են ունենում, սակայն տարբեր հասարակություններում առկա մեխանիզմները թույլ չեն տալիս իշխանության հասած անձին չարաշահել իր իշխանությունը, փորձել այն դարձնել ցմահ:

Ընտրությունը կայացավ Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում, Բակո Սահակյանի օգտին քվեարկեց 28, նրա միակ մրցակից, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի օգտին՝ 4 պատգամավոր: Բակո Սահակյանի կողմից երրորդ անգամ նախագահական ժամկետի գնալը ցույց է տալիս, որ Արցախում չկա հակակշիռների մեխանիզմ», - ասաց ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանը:

Այս տարեսկզբին կայացած սահմանադրական փոփոխություններից հետո Ղարաբաղը անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի: Առաջիկա երեք տարիներին Լեռնային Ղարաբաղը պետք է ղեկավարվի անցումային փուլի ռեժիմով:

Անցումային նախագահին ընտրելու իրավունքը խորհրդարանինն էր: Ազգային ժողովի երեք խոշորագույն խմբակցությունները՝ «Հայրենիքը», Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և «Ժողովրդավարությունը» նախապես հայտարարել էին, որ քվեարկելու են Բակո Սահակյանի օգտին, քանի որ նրան այս պահին Ղարաբաղի լավագույն քաղաքական գործիչն են համարում:

Ակնհայտ էր, որ ընդդիմադիր թեկնածուն չէր ընտրվելու: Նա ավելի վաղ «Ազատությանը» ասել էր, որ առաջադրվել է երկրի խնդիրների մասին բարձրաձայնելու համար:

Այսօր, մինչև փակ գաղտնի քվեարկությունը, թեկնածուներին ելույթ ունենալու հնարավորություն տրվեց:

Ընդդիմադիր թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը պնդեց, որ մինչև այժմ անհասկանալի է, թե ինչու Ղարաբաղում փոխվեց կառավարման մոդելը: Նա վտանգավոր համարեց, որ գործող նախագահին առաջադրած խմբակցությունների կողմից փորձ է արվում նրան անփոխարինելի դարձնել, ինչը, ըստ նրա, սխալ է, և ինքը կարծում է՝ պետության ղեկավարը պետք է պարբերաբար փոխվի, քանի որ այդպես են պետությունները զարգանում:

«Այնքան էլ թափանցիկ չէ եղել, հատկապես քաղաքական որոշումների ընտրության հարցում: Դրա համար առաջացել են ընթացքում որոշ հարցադրումներ, առկա են որոշ հարցեր, որոնց պատասխանները առ այսօր համենայն դեպս ես ինձ համար չունեմ: Որևէ մեկը, հատկապես սահմանադրագետներից, մասնագետներից, իրավաբաններից, որևէ հոդաբաշխ խոսքով մինչև վերջ չի մեկնաբանել, չի տվել դրանց պատասխանները: Խոսքը վերաբերում է հատկապես, կանխելով նաև ներկա լրատվական աշխարհի ներկայացուցիչների հարցադրումները, գործող նախագահի հետագա պաշտոնավարման ժամանակահատվածին», - ասաց Էդուարդ Աղաբեկյանը:

Աղաբեկյանը խոսեց նաև արտաքին քաղաքականությունից, պնդեց, որ Ստեփանակերտը պետք է դառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների կողմ:

Այնուհետև Բակո Սահակյանի թեկնածությունը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով նաև «Ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարն է: Ղուլյանի պնդմամբ՝ ժողովրդավարական պետություն կառուցելու ակնկալիքները կարդարացվեն այսօրվա ընտրությամբ:

Ելույթներ եղան նաև գործող նախագահի թեկնածությունը պաշտպանող մյուս խմբակցություններից:

Ապա ելույթ ունեցավ Բակո Սահակյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց իրեն առաջադրած խմբակցություններին և պատգամավորներին, վերջին տարիների մի շարք ձեռքբերումներ ներկայացրեց, մասնավորապես՝ ժողովրդավարական համակարգն ու քաղաքացիական հասարակության կայացումը:

Նա ընդգծեց, որ պաշտպանության ոլորտին պետությունը առաջնային տեղ է տվել և շարունակելու է տալ․ - «Անցումային փուլում՝ մինչև 2020 թվականի համաժողովրդական ընտրությունները, մեր ամենակարևոր անելիքները պետք է լինեն առաջին հերթին երկրի պաշտպանունակության, անվտանգության համակարգի հետագա ամրապնդումն ու հզորացումը, Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավումը»:

Սեպտեմբերին՝ Բակո Սահակյանի երդմնակալությունից հետո, Լեռնային Ղարաբաղում վարչապետի պաշտոնը կվերացվի․ Սահակյանը կղեկավարի նաև կառավարությունը: Իսկ անցումային փուլից հետո՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում կանցկացվեն խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Ծափերի ներքո դահլիճից դուրս եկող Բակո Սահակյանին ուղեկցում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրանք հրաժարվեցին լրագրողների հետ խոսել: Իսկ խորհրդարանը լքող ընդդիմադիր թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը ասաց, որ դեռ չի որոշել՝ կշնորհավորի՞ Բակո Սահակյանին, թե՞ ոչ:

XS
SM
MD
LG