Մատչելիության հղումներ

ԼՂ խոշորագույն քաղաքական ուժերն «օրինական» են համարում 2020-ին Բակո Սահակյանի առաջադրումը


ԼՂ խորհրդարանի շենքը, արխիվ

Ղարաբաղի խորհրդարանի մեծամասնությունը կարծում է, որ գործող նախագահ Բակո Սահակյանը կարող է նախագահի պաշտոնի համար պայքարել նաև 2020 թվականին կայանալիք ընտրություններում:

Լեռնային Ղարաբաղում այս տարվա փետրվարյան հանրաքվեով ամրագրված սահմանադրական փոփոխությունների համաձայն, առաջիկա երեք տարիներին ԼՂ-ն պետք է ղեկավարվի անցումային փուլի ռեժիմով: Անցումային նախագահին ընտրելու է խորհրդարանը, քվեարկությունը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի: ԼՂ խորհրդարանի երեք խոշորագույն խմբակցությունները՝ «Հայրենիքը», ՀՅԴ-ն և «Ժողովրդավարությունը» այդ պաշտոնի համար առաջադրել են արդեն 10 տարի պաշտոնավարող Բակո Սահակյանի թեկնածությունը:

Ղարաբաղի 33-անդամից բաղկացած Ազգային ժողովի ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի խոսքով՝ գործող նախագահի օրոք տնտեսությունն աճել է, ծրագրեր են իրականացվում առաջնագիծն արդիականացնելու ուղղությամբ, այդ պատճառով էլ իրենք կարծում են, որ Սահակյանը պետք է շարունակի պաշտոնավարել: «Ամենամարդկային, լավագույն քաղաքական գործիչն այս պահին Բակո Սահակյանն է: Եվ երեք ուժերն էլ առաջադրեցին և պաշտպանեցին գործող նախագահի թեկնածությունը»,- «Ազատությանն» ասաց Թովմասյանը:

«Հայրենիք» խմբակցությունը խորհրդարանում ներկայացնում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որի ղեկավարն է Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը: «Ազատության» հարցին՝ ինչու՞ հենց վարչապետի թեկնածությունը չեն առաջադրել նախագահի պաշտոնում՝ Թովմասյանը պատասխանեց՝ վարչապետը պաշտոնից կառչած չէ, և իրենք որոշել են պատրաստվել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք 2020-ին ևս կպաշտպանեն Բակո Սահակյանի թեկնածությունը, այս առնչությամբ Թովմասյանը նշեց․ «Այդ մասին խոսելը դեռ վաղ է, բայց Սահակյանը կրկին առաջադրվելու իրավունք ունի: Սահմանադրական կարգի խախտում չկա, ոչ էլ ժողովրդավարությունից շեղում: Միջազգային վարկի վրա էլ չի ազդի, որովհետև եթե միջազգայինի մասին ենք մտածում, միջազգային հանրության գոնե մի երկիր ճանաչեր մեր անկախությունը: Բայց մենք մեր օրենքները համապատասխանեցրել ենք հիմնականում եվրոպական արժեքներին»:

Իշխող կոալիցիայի մաս կազմող «Ժողովրդավարություն» կուսակցության համանուն խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ ասում է, որ հենց Բակո Սահակյանն է այն մարդը, որի շուրջ համախմբվում են «Ղարաբաղի ինչպես բնակչության, այնպես էլ քաղաքական ուժերի մեծամասնությունը», այդ պատճառով էլ նրա օգտին կքվեարկեն: «Եթե պատկերավոր ասենք՝ ձիերին գետանցման ժամանակ չեն փոխում: Սա անցումային փուլ է, մենք գիտենք, որ երկրի առջև մարտահրավերներ կան, թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ երկրի անվտանգությունը, և քաղաքական ուժերը խորհրդատվությունների արդյունքում որոշել են շարունակել վստահել Բակո Սահակյանին»,- ասաց Բաղրյանը:

Նրա խոսքով, իրենք նախկինում էլ են պաշտպանել Սահակյանի թեկնածությունը, և վերջինս արդարացրել է իրեն: Բաղրյանը ևս պնդում է՝ իրավական առումով այստեղ խոցելի ոչինչ չկա, Ղարաբաղի միջազգային վարկի վրա էլ Սահակյանի ընտրվելը չի ազդի․ «Այստեղ համեմատության որևէ եզր չի կարող լինել, ասենք՝ նույն Ադրբեջանի խանական պետության հետ: Այստեղ, իմ կարծիքով, բոլորովին այլ իրադրություն է, երկիրն էլ գտնվում է պատերազմական իրավիճակի մեջ»: Բաղրյանը համոզված է՝ այսօր ոչ բոլորը կհամաձայնեին Ղարաբաղի նախագահը լինելու պատասխանատվություն ստանձնել:

Գործող նախագահի թեկնածությունը պաշտպանող Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ՝ ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն էլ թվարկեց Բակո Սահակյանի հաջողությունները՝ արձանագրված հատկապես բանակաշինության ոլորտում: Բալայանը շեշտեց՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո առաջնագծում համալրման աշխատանքներ են իրականացվել: «Առաջնագծի կահավորման, ինժեներական կառույցների տեղակայման, նոր սպառազինության ձեռք բերման, սպայական անձնակազմի սոցիալական պայմանների բարելավման առումով բավական գործողություններ են իրականացվել»,- ասաց Վահրամ Բալայանը:

Ինչ վերաբերում է 2020 թվականի ընտրություններին, Բալայանն ասաց, որ իրենք չեն հայտարարել, թե դեմ կլինեն Բակո Սահակյանի առաջադրմանը: «Այդ հարցը դեռ չենք էլ քննարկել»,- ասաց նա: Մինչդեռ՝ Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն օրերս Ազատության» հետ զրույցում շեշտել էր՝ անցումային փուլի ավարտից հետո՝ 2020 թվականին, երբ տեղի կունենան նախագահի համապետական ընտրություններ, իրենք սկզբունքորեն դեմ կլինեն, որ Բակո Սահակյանը շարունակի պաշտոնավարել որպես նախագահ:

Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը հիշեցնում է՝ այս սցենարը դեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ էր կանխատեսել: Խանումյանի պնդմամբ՝ Սահակյանը 2020 թվականից հետո էլ կցանկանա պաշտոնավարել: «Սահմանադրությունում հստակ գրված է, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել նախագահի պաշտոնում: Նախորդ Սահմանադրությունում էլ գրված էր, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահի պաշտոնում: Այստեղ որևէ տարընթերցման խնդիր չկա: Բակո Սահակյանի՝ իշխանության ձգտելը երկրորդ ժամկետից հետո ապօրինի է, հակաիրավական և հակասահմանադրական»,- ասաց Հայկ Խանումյանը:

Ղարաբաղի 33 աթոռ ունեցող խորհրդարանի 28 պատգամավորներ պատրաստ են Բակո Սահակյանին ընտրել: Նախագահի ընդդիմադիր թեկնածու՝ «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանին էլ ընտրելու մտադրություն է հայտնել 4 պատգամավոր, որոնց թվում՝ Հայկ Խանումյանը: Ընդդիմադիր թեկնածուն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե գիտակցում է, որ շանսեր չունի, պարզապես ցանկանում է օգտագործել առիթն ու բարձրաձայնել Ղարաբաղի խնդիրների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG