«Հուլիսի 17»-ը Հայաստանում անելանելիության լավագույն արտացոլանքն էր․ «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ գնահատելով մեկ տարի առաջ «Սասնա ծռեր»-ի կողմից Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավումը։
«Երկար ժամանակ մենք տեսնում ենք ոչ միայն ընտրությունների միջոցով իշխանության փոփոխելու հնարավորությունից զրկելը քաղաքացիներիս՝ սահմանադրական այդ իրավունքից, այլև մեր քաղաքացիներին երկար ժամանակով այլ իրավունքներից զրկելը ևս: Չէ՞ որ բոլոր փոփոխված սահմանադրությունները միասին վերցրած նաև ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետություն է․ ինչպե՞ս է սոցիալական, երբ որ բնակչության ճնշող մեծամասնության աղքատության շեմին է գտնվում, ընդամենը շատ փոքր մի տոկոս գերհարուստների շարքին է պատկանում։ Մենք գրեթե միջին խավ չունենք», - ասաց Մարտիրոսյանը։
«Սասնա ծռեր» խմբի անդամներն ինչ էլ անեն, ըստ «Ժառանգության» փոխնախագահի, երբևիցե հանրությանը վնաս չեն տա։
«Մարդիկ են եղել, որ Արցախյան ազատամարտի ժամանակ կռիվ են արել և, ըստ էության, մեզ հերթական ցեղասպանությունից փրկեցին հերիք չի, մի հատ էլ ազատագրված տարածքներ տվեցին», - եզրափակեց Մարտիրոսյանը։
Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Ազատության» հետ զրույցում, ինչպես մեկ տարի առաջ, երեկ կրկին ահաբեկչություն էր որակել «Սասնա ծռեր»-ի գործողությունները։ «Սեփական երկրում մտնել զենքով ՊՊԾ գունդը գրավել, սպաներին սպանել՝ դա ահաբեկչություն է և անթույլարտելի և դատապարտելի արարք է: Դա իմ քաղաքական գնահատականն է», - ասել էր Շարմազանովը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հակադարձում է՝ սա ոչ թե ահաբեկչություն էր, այլ՝ ապստամբություն։
«Պարոն Շարմազանովը և իր համախոհները բացարձակապես ծպտուն անգամ չեն հանել և մինչև հիմա էլ չեն հանում 2008 թվականի մարտի 1-ի խայտառակ պետական ահաբեկչության մասին, որն ուղղված էր անզեն քաղաքացիների դեմ՝ ովքեր են դատավորները և ովքեր են գնահատական տվողները», - ասաց իրավապաշտպանը:
Նշելով, որ ինքը ևս դեմ է զենքով հարցեր լուծելուն, Սաքունցը շարունակեց․ - «Բայց զենքով հարցերը լուծելու միջոցով Հայաստանի Հանրապետությունը փակուղու մեջ մտցրել է հենց իշխանությունը, սրա մասին եթե դու ասում ես «բ»-ն, ուրեմն պետք է «ա»-ն էլ ասես։ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները և Ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության դեմ առ դեմ կանգնեցին՝ դրա ողջ պատասխանատուն, այդ թվում՝ ոստիկանության զոհերի և «Սասնա ծռեր»-ի վիրավորների, անմիջական պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության վարչախումբը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որի քաղաքականության հետևանքով է այդ իրավիճակը ստեղծվել», - ասաց Սաքունցը։
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան՝ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը և Գագիկ Մկրտչյանը: Զինված խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործով ավելի քան 60 մարդ է անցնում։ Այս ամսվա սկզբին մեկնարկեց գործով անցնող 32 անձանց դատավարությունը: Նրանցից 30-ը մեղադրվում են ՊՊԾ գունդը գրավելու, իսկ 2-ը՝ զինված խմբին օժանդակելու մեջ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է ոստիկանական տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Խմբի երկու անդամ մեղադրվում է ոստիկանների սպանության մեջ: «Սասնա ծռեր»-ի անդամները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.