Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկեց «Սասնա ծռեր»-ի անդամներից 18-ի գործով առաջին դատական նիստը


Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է «Սասնա ծռեր»-ի գործով 18 մեղադրյալի մասով առաջին դատական նիստը։ Սա առանձին վարույթով քննվող գործ է, այն կքննվի արտագնա։

Նշենք, որ մյուս՝ 14 անդամի գործը ևս քննվում է արտագնա՝ նույն դատարանում: Երկու գործերն էլ քննում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Այս գործերն արտագնա քննելու պատճառը, ըստ Դատական դեպարտամենտի տարածած հաղորդագրության, ամբաստանյալների և տուժողների մեծաքանակությունն է:

«Սասնա ծռեր»-ի՝ այսօր մեկնարկող դատավարությունում անցնող 18 անդամներն են Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Գևորգ Իրիցյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը (Դեդ), Սերգեյ Կյուրեղյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG